Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել է անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ: Ժողովի ընթացքում որոշվել է նաև F-35 կործանիչների պատվերի թիվը հասցնել 6-ի, պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև արդեն երկու տարի ձգվող մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը շարունակել և կրկին բանակցել բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Պաշտպանական արդյունաբերության ղեկավար խորհուրդը օրակարգում տեղ գտած այս և այլ որոշումները քննարկելու համար ժաղով էր գումարվել Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունում՝ վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ։
Դավութօղլուն ժողովի ավարտից հետո հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն 2023-ին արդեն անցնել տեղական ռազմական ուղղաթիռների սերիական արտադրության։
Ժողովի ընթացքում քննարկվել է նաև մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման հարցը։ Հիշեցնենք, որ մրցույթը մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում թուրքական կողմը ընտրել էր չինական ՀՕՊ համակարգը, սակայն հետագայում հրաժարվել էր՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։
Մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը, որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։
2014-ի դելկտեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ 2015-ի հունվարին Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ժամանակ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի։ Սակայն կոմիտեի որոշման արդյունքները դա չեն փաստում։ Որոշում է կայացվել կրկին հետաձգել որոշման ընդունումը և բանակցությունները ընկերությունների հետ։
Ինչ վերաբերում է տեղական ինքնաձիգի սերիական արտադրությանը և թուրքական ԶՈւ-ն այդ ինքնաձիգներով համալրելուն՝ այս մասին հայտարարվել էր դեռևս 2014-ի սկզբին։ Սակայն այն ժամանակ նշվում էր, որ թուրքական բանակի համար արտադրվելու է «Մեհմեթչիք-1» իանքնաձիգ, իսկ այժմ հայտարարվել է «Մեհմեթչիք-2» ինքանձիգի սերիական արտադրության մասին։
Գազամխոցային հետադարձ մեխանիզմով «Մեհմեթչիք-2»-ի տրամաչափը 7.62×51մմ է (ՆԱՏՕ), զենքի երկարությունը 920մմ է, փողի երկարությունը՝ 410մմ, զանգվածը՝ 4,1 կգ, կրակի տեմպը՝ 650 կր/ր, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, խոցման արդյունավետ հեռավորությունը՝ 600 մետր։
Այս զենքի առաջին տեսակի (5,56մմ տրամաչափով) արտադրության աշխատանքները թուրքական ռազմարդյունաբերական MKEK ընկերությունը սկսել էր դեռևս 2007-ին։ Առաջին օրինակները ստեղծվել են 2008-ին՝ «Մեհմեթչիք-1» անվամբ, և կառուցվածքով հիմնված էին գերմանական Heckler & Koch HK 416 ինքնաձիգի բազայի վրա, իսկ պահեստատուփը կառուցված է ամերիկյան արտադրության AR-15-ի նմանությամբ։
«Մեհմեթչիք-1»-ի զանգվածը 3,6 կգ է։ Կրակում է ՆԱՏՕ-ի 5,56×45 մմ փամփուշտներով։ Խոցման արդյունավետ հեռավորությունը 500 մետր է, առավելագույն հեռավորությունը՝ 1 կմ։ 1 րոպեում կարող է արձակել 750 փամփուշտ։
Ավելի ուշ թուրքական ընկերությունը սկսեց արտադրել 7,62х51 ՆԱՏՕ տրամաչափով «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը։ Այս տրամաչափի փամփուշտներ են օգտագործվում նաև գերմանական արտադրության HK G3 ինքնաձիգներում, որոնցով էլ հիմնականում զինված է թուրքական բանակը։ Աշխատանքների արդյունքում արդեն 2014-ի մայիսին թուրքական ԶՈւ-ն ստացել է MKEK MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների առաջին խմբաքանակը, որը կառուցված է գերմանական Heckler & Koch HK 417 ինքնաձիգի արտաքին նմանությամբ։ Փողի վրա կարող է ամրացվել սվին-դանակ։
Pingback: Թուրքական արտադրության ինքնաթիռները կունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն Կարսում անցկացրել է ձմեռային զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերը կստանան ևս 15 հազար միավոր տեղական արտադրության ինքնաձիգ | Ռազմ.info
Pingback: 2016-ին Թուրքիան կստանա 6 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեն շուրջ 6 միլիարդի ծրագիր է հաստատել | Ռազմ.info