Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը սկսել են ստանալ թուրք-իտալական համատեղ արտադրության TAI T129B հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Ընդհանուր առմամբ պետք է մատակարարվի 50 միավոր ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է C4defence լրատվակայքը:
Թուրքական զինուժը 2014-ի ապրիլից սկսել էր ստանալ T129 «Ա» դասի առաջին ուղղաթիռները։ Ընդհանուր առմամբ պետք է մատակարարվեր 9 միավոր նմանատիպ ուղղաթիռ, որի ավարտից հետո սկսվելու է «Բ» դասի ուղղաթիռների մատակարարումը։
2015-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն արդեն ավարտել էր 9 միավոր T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին:
Ավելացնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է ԹԱԻ ընկերությունը։ Նշվում է, որ «Բ» դասի ուղղաթիռներն առաջին դասից տարբերվում են միայն աերոդինամիկայով, սակայն տեխնիկական բնութագրերը դեռևս չեն հրապարակվում։
Հավելենք, որ Թուրքիան այս ուղղաթիռները մինչ օրս օգտագործել է միայն երկրի ներսում քրդական PKK-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info