Ադրբեջանը չի կարողացել ժամանակին վճարել գնած սպառազինության համար • Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 40 տոկոսով • Սիրիայի կառավարական ուժերը բացել են Հալեպ տանող ճանապարհը • ԱՄՆ-ն և ՌԴ-ն կհամագործակցեն Սիրիայում հակաահաբեկչական պայքարում • Կտրուկ նվազել է Թուրքիայի ԶՈւ անձնակազմի քանակը • Թուրք-քրդական բախումներում սպանվել է 6 ուժային • Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություններ է արել փետրվարին • Վրաստանի վարչապետը նկատողություն է արել երկրի պաշտպանության նախարարին • Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել ՌԴ ԶՈւ ռազմաբազան • ԱՄՆ-ն 683 մլն դոլարի ավիառումբեր է վաճառելու Թուրքիային • Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները 29 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել 2015-ին • Թուրքական TAI և BMC ընկերությունները զարգացնում են արտադրությունը
• Մարտի 2-ին Ռուսաստանի փոխվարչապետը մեկնել է Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու Ռուսաստանի մատակարարած զենքի դիմաց վճարումների ուշացումը։ Ուշացման արդյունքում Ռուսաստանը Ադրբեջանին չի հանձնում նավահանգիստ հասած ու չբեռնաթափված տեխնիկան: Ադրբեջանին առայժմ չեն մատակարարվել որոշ քանակի տանկեր, ՀՄՄ-ներ և հրետանային զինատեսակներ: Բաքվի բանակցություններում Ադրբեջանը հավանաբար համաձայնել է վճարել սպառազինության համար:
• Փետրվարի 23-ին փոփոխվել և մարտի 2-ին հրապարակվել է Ադրբեջանի 2016թ. նոր բյուջեն, որի փոփոխություններից հետո երկրի պաշտպանական բյուջեն հասել է 2,22 մլրդ մանաթի (ընդունման օրվա պաշտոնական փոխարժեքով 1,43 մլրդ դոլար): Դոլարային արտահայտությամբ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով նվազել է:
• Փետրվարի 28-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկջոկատայինները, լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկները և մի շարք այլ կառավարամետ ուժեր վերականգնել են Հալեպ տանող ճանապարհի ամբողջական վերահսկողությունը՝ ազատելով դրա մի հատվածը «Իսլամական պետությունից»:
• ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 29-ին հայտարարել է, որ Ռուսաստանի գործընկերոջ հետ հանդիպումներում որոշվել է կոորդիացնել երկու երկրների գործողությունները Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում՝ ստեղծելով գործողությունների համատեղ վարման համակարգ:
• Մարտի 1-ին հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը․ անձնակազմը 610.095 մարդ է, ինչը շուրջ 23 հազարով պակաս է հունվարին ցուցանիշից։
• Թուրքիայի արևելքում քրդերի հետ բախումների ժամանակ սպանվել է 6 ուժային, իսկ ևս չորսը վիրավորվել է։
• Փետրվարի 29-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է փետրվարին ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադների անցկացված 8 զորավարժության մասին։ Վարժանքների մի մասն անցկացվել են Հայաստանին սահմանկից շրջաններում։
• Փետրվարի 16-19-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը շուրջ 17 ռազմանավերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել Էգեյան ծովի ջրային տարածքներում՝ Իզմիրի ծովածոցում:
• Ներքաղաքական կռիվների և միջանկյալ խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար մարտի 3-ին Վրաստանի վարչապետը նկատողություն է արել երկրի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիին։
• Փետրվարի 29-ին Ռուսաստանի ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հետախույզները անցկացրել են հակաահաբեկչական վարժանքներ՝ ԲՏՌ-80 զրահափոխադրիչների և ԱԹՍ-ների ներգրավմամբ:
• Փետրվարի 26-ին Պենտագոնը հայտնել է, որ ստորագրվել է Թուրքիային ամրացված կառույցների խոցման BLU-109 2000lb Penetrator ավիառումբեր վաճառելու մասին պայմանագիր՝ շուրջ 683 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Ռումբերը թուրքական կողմին պետք է փոխանցվեն մինչև 2020թ․ վերջ։
• 2015թ․ ընթացքում Թուրքիայի ռազմարդյունաբերության ծրագրերի թիվը հասել է 416-ի, այդ թվում՝ թուրքական զինուժի և ուժային այլ կառույցների համար կնքվել է 213 պայմանագիր: Ծրագրերի ընդհանուր գինը մոտ 29 մլրդ ամերիկյան դոլար է:
• Փետրվարի 21-ին Թուրքիայի՝ զրահամեքենաներ արտադրող BMC ընկերությանը տրամադրվել է շուրջ 220 հեկտար «հատուկ ներդրումային գոտի», որտեղ իր ենթակառուցվածքները զարգացնելու համար ընկերությունը ներդնելու է շուրջ 430 մլն դոլար:
• Ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ արտադրող թուրքական TAI ընկերությունը նախատեսում է շուրջ 212 մլն դոլարի ներդրումներով զարգացնել և մեծացնել արտադրական ծավալները:
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։