Հուլիսի 31-ին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը ավարտել է սեփական արտադրության 9 միավոր T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին: Այս մասին օգոստոսի 17-ին հայտնում է արտադրող ընկերության կայքը:
Առաջին խմբաքանակով ընկերությունն ընդհանուր առմամբ հենց 9 միավոր ուղղաթիռ պիտի տրամադրեր թուրքական զինված ուժերին: Մատակարարման գործընթացը սկսվել է 2014-ի ապրիլին: Արտադրող ընկերությունը նշում է, որ ուղղաթիռներն արդեն օգտագործվում են Թուրքիայի ցամաքային զորքերի գործողություններում:
Բացի այդ, թուրքական արտադրողը մասնակցում է նաև Լեհաստանի զինված ուժերի համար 32 միավոր հարվածային ուղղաթիռների մատակարարման մրցույթին և հաղթելու դեպքում կստանա իր ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը:
Նշենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։
Ուղղաթիռի արտադրման աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով:
Pingback: Թուրքական T-129 Atak հարվածային ուղղաթիռը ցուցադրվում է Լեհաստանում | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն սկսել է ստանալ TAI T129B հարվածային ուղղաթիռներ | Ռազմ.info
Pingback: 2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք | Ռազմ.info