Մեկնարկել է ԱՊՀ ՀՕՊ համակարգի զորավարժությունը, մասնակցում է նաև Հայաստանը

ԱՊՀ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի համար օգոստոսի 18-ին սկսվել է «Մարտական համագործակցություն 2015» զորավարժությունը, որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Հայաստանը (ըստ էության՝ ՀԱՊԿ անդամ պետությունները): Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգի բաղադրիչները

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված է մասնակից պետությունների զինված ուժերի մոտ 20 զորամաս, որոնք մտնում են ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մեջ: Զորամասերը բերվել են լրիվ մարտական պատրաստության աստիճանի, ինչից հետո տեղափոխվելու են Ռուսաստանի մերձկասպյան Աստրախանի մարզի «Աշուլուկ» զորավարժարան, որտեղ անցկացվելու է զորավարժության ակտիվ փուլը: Երեք փուլից բաղկացած զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 11-ը:

Զորավարժությանը ներգրավված են Ս-300, Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, մարտական ավիացիա, այդ թվում՝ կործանիչներ, գրոհիչներ, հարվածային ուղղաթիռներ և այլ տեխնիկա:

ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Մասնավորապես 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես ԱՊՀ անդամ պետություների միացյալ ՀՕՊ համակարգի կազմում է։

One response to “Մեկնարկել է ԱՊՀ ՀՕՊ համակարգի զորավարժությունը, մասնակցում է նաև Հայաստանը

  1. Pingback: ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցել է նաև Հայաստանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *