ՌԴ հարավային ռազմական շրջանում միաժամանակ մեկնարկել է մի քանի զորավարժություն

ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումների շուրջ 9 հազար զինծառայող ավելի քան 3 հազար միավոր հրթիռահրետանային զինտեխնիկայով զորավարժություններ են սկսել երկրի հարավային զորավարժարաններում, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Սմերչ ԿՀՌՀ. ՌԴ ԶՈւ

Սմերչ ԿՀՌՀ. ՌԴ ԶՈւ

«Մեկ ամսվա ընթացքում հրետանային և հրթիռային ստորաբաժանումների զինծառայողները կկատարելագործեն իրենց վարպետությունը, կիրականացնեն կրակային նոր առաջադրանքներ՝ հետևակային և տանակյին ստորաբաժանումների աջակցությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու հրետանու կրակային կետերի ղեկավարման առաջադրանքներին»,- նշված է օգոստոսի 17-ին ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հյուսիսային Կովկասում մինչև սեպտեմբերի 18-ը շարունակվելիք զորավարժության ժամանակ հարավային ռազմական շրջանի հրետանայինները կրակային վարժանքներ են անցակցնելու «Ակացիա», «Մստա-Ս» և «Մստա-Բ» 152 մմ-անոց հաուբիցներով, «Շտուրմ-Ս» հակատանկային հրթիռային համակարգերով, 120 մմ-անոց «Պոդնոս» և «Սանի» ականանետերով, զորավարժությունների եզրափակիչ փուլում՝ նաև «Գրադ-Մ», «Ուրագան», «Տորնադո-Գ», «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

ՌԴ ռազմական շրջանի մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոսոտոսի 17-ին յոթօրյա դաշտային ելք է մեկնարկել նաև Դաղստանի «Ադանակ» զորավարժարանում։ Ծովային հետևակային ստորաբաժանման շուրջ 100  զինծառայող վարժանքներ է իրականացնելու «Նոնա» ինքնագնաց հետանային կայաններով, 100 մմ-անոց «Ռապիրա» հակատանկային հրանոթներով, «Մետիս» ու «Ֆագոտ» հակատանկային կառավարվող հրթիռներով և այլն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին հայտնի է դարձել, որ ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերով վարժանքներ են սկսել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *