Թուրքիան հանդիսավոր ընդունեց տեղական արտադրության հարվածային ուղղաթիռը

Թուրքիայի զինված ուժերը հանդիսավոր արարողությամբ ներկայացրել են վերջերս սպառազինության ընդունած թուրք-իտալական արտադրության T129 Atak (Աթաք) ուղղաթիռները։

Հունիսի 10-ին կայացած հանդիսավոր արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Թայիփ Էրդողանը, պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հյուրեր և լրագրողներ։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերն ապրիլի վերջին էին ստացել 9 միավորից բաղկացած ուղղաթիռների առաջին խմբաքանակի առաջին ուղղաթիռները։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է ստանալ ևս 50 «Աթաք»։

T129. Թուրքիայի ՌՕՈւ

T129. Թուրքիայի ՌՕՈւ

Սպասվում էր, որ հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը պետք է փոխանցվել թուրքական զինուժին դեռ անցյալ տարի, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հանձնումն ուշացել էր։ Փորձարկումների ժամանակ ուղղաթիռներում թրթռումներ (վիբրացիա) էր հայտնաբերվել, որոշ դեպքերում խնդիրներ են ի հայտ եկել հավասարակշռության հետ։

Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով։

Այն ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։ Ուղղաթիռի աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։

Այն ստեղծվել է բավարարելու Թուրքիայի զինված ուժերի կարիքները, իսկ Թուրքիայում հարվածային ուղղաթիռների խիստ պահանջարկ կա, քանի որ առկա օրինակներն արդեն հնացել են, իսկ թուրքական ուղղաթիռների պարկն ընդհանրապես թարմացման ու հարստացման կարիք ունի։

3 responses to “Թուրքիան հանդիսավոր ընդունեց տեղական արտադրության հարվածային ուղղաթիռը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 8-14 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական «Անքա» ԱԹՍ-ն և «Տ-129 Աթաք» ուղղաթիռը կներկայացվեն Փարիզի ավիացուցահանդեսին | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է տեղական T129 հարվածային ուղղաթիռների վերջին խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *