Թուրքական արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարքը փետրվարի 5-ին առաջին ուսումնամարտական թռիչքն է իրականացրել Թուրքիայի արևելյան Էլյազիգ (Խարբերդ) քաղաքի ռազմական օդանավակայանում և համալրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունը: Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

«Անքա» ԱԹՍ-ն արդեն համալրել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի 8-րդ բանակային կորպուսի (տեղակայման վայրը` Էլյազիգ (Խարբերդ) սպառազինությունը: Փետրվարի 5-ի վերջնական թռիչքային փորձարկումներին ներկա է եղել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Շուայ Ալփայը: (Նշենք, որ ԱԹՍ-ն նախատեսվում էր հանձնել դեռևս 2013-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով անընդհատ հետաձգվել է):

Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախատեսվում է ԱԹՍ-ներով համալրել Թուրքիայի ԶՈւ` ռազմավարական առաջնահերթ նշանակություն ունեցող բոլոր բանակային կորպուսները: Նա շեշտել է, որ Էլյազիգում ԱԹՍ-ների տեղակայումը մասնավորապես կարևոր է «ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից, ինչի մասին թերևս կարիք չկա ևս մեկ անգամ կրկնել»:

Խոսքն ամենայն հավանականությամբ 2015-ի հուլիսից Թուրքիայի արևելայն շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ պատերազմական գործողությունների մասին է: Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

ԱԹՍ-ների հանձնման արարողությանը ներկա են եղել նաև 8-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յլմազ Ույարը, ԹԱԻ ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով տնօրեն Բարըշ Աթաքանը և այլոք:

Հավելենք, որ «Անքա Ա» հետախուզական անօդաչու թռչող սարքեր ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին` Թուրքիայի ռազմարդյունաբերական գլխավոր վարչության և TAI ընկերության միջև կնքված պայմանագրով։

«Անքա Ա-ն» առաջին թռիչքը կատարել է 2010-ի դեկտեմբերի 30-ին։ Ավարտական փորձարկումներն անցել է 2013 թ. հունվարին։ 2013-ից աշխատանքներ են տարվում սարքի նոր տեսակի՝ «Անքա Բ-ի» (Anka Block B) ստեղծման ուղությամբ: Այն առաջին թռիչքը կատարել է 2015 թվականի հունվարի 30-ին։

Դեռևս 2013-ին ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ԹԱԻ ընկերությունը հայտարարել էր, որ «Անքա»-ի հիմքի վրա նախատեսված է ստեղծել դրա մեկ այլ տարբերակ, որն ըստ նախնական տեղեկությունների պետք է ունենա 4 տոննա առավելագույն թռիչքային զանգված ու զինված է լինելու «Ռոքեթսան» ընկերության՝ 25 կգ կշռող MAM հրթիռներով՝ վերածելով այն հետախուզական և հարվածային Անքա+Ա (Anka+A) ԱԹՍ-ի։

2015-ին հայտարարվել էր, որ աշխատանքներն արդեն սկսվել են և նախատեսվում է 2016-ից սկսել ԱԹՍ-ի հարվածային տարբերակի սերիական արտադրությունը:

Ավելացնենք, որ 2014-ի նոյեմբերին և 2015-ի հունիսին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել թուրքական արտադրության 12 միավոր «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ-ների 12 միավորանոց խմբաքանակ:

One response to “Թուրքական արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը

  1. Pingback: 2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *