Թուրքիայի ՊՆ-ն և ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են պայմանագրեր

Մայիսի 5-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի ՊՆ-ն և ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են մի շարք պայմանագրեր արտասահմանյան պետությունների և ընկերությունների հետ։

Ստամբուլում մայիսի 5-8-ն անցկացված IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը 25 մլն դոլար գնահատվող F-16 SIM (Simulator) ծրագրի շրջանակներում 13 մլն դոլար գնահատվող հավելյալ պայմանագիր է կնքել թուրքական Havelsan ռազմարդյունաբերական ընկերության հետ։

Պայմանագրով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել սիմուլյատորային կենտրոնում և վարժասարքերի կառուցվածքում։ Նշենք նաև, որ մայիսի 7-ին Havelsan ընկերությունը գնել է ամերիկյան Quantum3D ռազմարդյունաբերական ընկերությունը, որը զբաղվում է ինքնաթիռների վարժասարքերի, սիմուլյատորների արտադրությամբ։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Ինդոնեզիայի պաշտպանության նախարարության հետ «Թուրքիա-Ինդոնեզիա միջին ծանրության տանկերի արդիականացման» պայմանագիր է ստորագրել։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նախագծել և արտադրել Թուրքիային և Ինդոնեզիային պատկանող 2 միավոր միջին ծանրության տանկի նախատիպ։

Ցուցահանդեսի 3-րդ օրը՝ մայիսի 7-ին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը LPD (Landing Platform Docks) դեսանտային նավերի գնման պայմանագիր է ստորագրել թուրքական Sedef նավաշինական ընկերության հետ։ ՊԱԳՎ-ի ծովային մեքենաների բաժանմունքի ղեկավար Մյուժդահ Ուլուդաղը նշել է, որ նավը Թուրքիայի զինված ուժերին կառաքվի 2021 թվականին։ Նա ընդգծել է, որ նավն արտադրվելու է Թուրքիայում և օգտագործվելու Սև ծովում, Միջերկրական ծովում, ինչպես նաև այլ ջրային տարածքներում գործողություններ իրականացնելու համար։

Ռազմանավի վրա միանգամից կարող է վայրէջք կատարել, ինչպես նաև բարձրանալ 6 միավոր, առավելագույնը մինչև 35 տոննա կշռող ուղղաթիռ։ Նավի կառուցման ծրագրի նախագծման աշխատանքներին օգնելու է իսպանական «Նավանտիա» ընկերությունը, ինչպես նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը, որը զբաղվելու է նավը ռադարային, էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական, հակատորպեդային պաշտպանության և հրանոթների մոդուլային կայանների տեղադրմամբ։

Բացի այս, ծրագրի շրջանակներում «Ասելսան» ընկերությունը Դանիական «Թերմա» ռազմարդյունաբերական ընկերության հետ ստորագրել է ռադարները և էլեկտրոնային ռազմական համակարգերը ռազմական ինքնաթիռներին ինտեգրացնելու համագործակցության պայմանագիր։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մայիսի 6-ին ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել Մադագասկարի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Դոմինիք Ժան Օլիվերի հետ։ Պայմանագրի մասին մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *