Թուրքական 2 ընկերություն մտել է 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկ

Համաձայն «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցի` 2014-ին թուրքական երկու ընկերություն տեղ են գտել աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում: Զեկույցում նշվում է, որ 2014-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքների արտահանումն ավելացել է:

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP)

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP)

SIPRI-ի զեկույցում նշվում է, որ ռազմական արտադրանքի վաճառքով  2014-ի 100 խոշորագույն ընկերությունների ցուցակում տեղ են գտել թուրքական «Ասելսան» և «ԹԱԻ» ընկերությունները:

Մասնավորապես «Ասելսան» ընկերությունը 2013-ի համեմատ բարձրացել է 7 հորիզոնականով` 1 մլրդ 110 մլն ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 66-րդ հորիզոնականը: Սրանից զատ ընկերությունը վաճառել է նաև շուրջ 30 մլն ամերիկյան դոլարի այլ արտադրանք:

2013-ի համեմատ 14 հորիզոնականով բարձրացել է նաև թուրքական ԹԱԻ ընկերությունը` 850 մլն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը: Ընկերությունը վաճառել է նաև շուրջ 150 մլն դոլարի այլ արտադրանք` ընդհանուր վաճառքի 15%-ը:

2005-ի համեմատ «Ասելսանի» ռազմական արտադրանքի վաճառքն ավելացել է շուրջ երեք անգամ` 215%-ով, իսկ ԹԱԻ-ի վաճառքը` 1074%-ով: Ընդհանուր առմամբ վերջին տասը տարում թուրքական ռազմարդյունաբերությունը կտրուկ աճ է գրանցել, ինչը կապված է Թուրքիայի` սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու նպատակների, ինչպես նաև ռազմական արտադրանքի պահանջարկի աճի հետ:

«Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցում 2014-ին համաշխարհային զենքի վաճառքի լավագույն 100 ընկերությունների ցուցակում երկու թուրքական ընկերություն է տեղ գտել

«Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցում 2014-ին համաշխարհային զենքի վաճառքի լավագույն 100 ընկերությունների ցուցակում երկու թուրքական ընկերություն է տեղ գտել

Ավելացնենք, որ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն «Ասելսան» ընկերությունը,  հիմնականում զբաղվում է օպտիկա-էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, ռումբերի կառավարման համակարգերի, ինչպես նաև այլ սարքավորումների արտադրությամբ ու վաճառքով։

ԹԱԻ-ն ևս Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից է: Այն մասնավորապես զբաղվում է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև արհեստական արբանյակների արտադրությամբ:

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

SIPRI-ի տվյալներով՝ 2014-ին աշխարհում ընդհանուր առմամբ վաճառվել է  401 մլրդ ռազմական արտադրանք, ինչը շուրջ 1,5 անգամ զիջում է 2013-ին գրանցված ցուցանիշին, սակայն դեռևս 43 տոկոսով ավելի է` քան 2002-ին:ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ռազմարդյունաբերական ընկերությունները 80,3 %-ով շարունակում են գերիշխել համաշխարհային զենքի վաճառքի շուկայում:Ինչպես և նախորդ տարի, աշխարհի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները:

1. Lockheed Martin ԱՄՆ 37.470 մլն $
2. Boeing ԱՄՆ 28.300 մլն $
3. BAE sistems Մեծ Բրիտանիա 25.730 մլն $
4. Raytheon ԱՄՆ 21.370 մլն $
5. Northrop Grumman ԱՄՆ 19.660 մլն $
6. General Dynamics ԱՄՆ 18.600 մլն $
7. Airbus Group Եվրոպա 14.490 մլն $
8. United Technologies Corp. ԱՄՆ 13.020 մլն $
9. Finmeccanica Իտալիա 10.540 մլն $
10. L-3 Communications ԱՄՆ 9.810 մլն $

Ցանկում ընդգրկված ռուսաստանյան առաջատար ընկերություններից են հետևյալները`

11. Алмаз-Антей 8840 մլն $
14. Объединённая авиастроительная корпорация 6110 մլն $
15. Объединённая судостроительная корпорация 5980 մլն $
23. Вертолёты России 3890 մլն $
24. Объединённая приборостроительная корпорация 3640 մլն $

Գրաֆիկում ներկայացված է 2014-ին զենքի համաշխարհային վաճառքի տարաբաշխումն ըստ պետությունների: Թուրքիան ընդգրկված է «այլ» (other) բաժնում` Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Սինգապուրի, Շվեցարիայի և Ուկրաինայի հետ:

2014-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

2014-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

One response to “Թուրքական 2 ընկերություն մտել է 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկ

  1. Pingback: Հրապարակվել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *