Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 փետրվարի, 2015

Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա՝ Շահ Սուլեյմանի դամբարանը տեղափոխելու համար • Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանել թուրքական ագրեսիային • ԱՄՆ-ը և Թուրքիան համագործակցում են Սիրիայում ընթացող գործողություններում • Թուրքիայում զինծառայողը սպանել է իր 3 ծառայակիցներին • Թուրքիայում ընկել է 2 մարտական ինքնաթիռ, 4 օդաչուները մահացել են • Թուրքիայի ԶՈւ ավտոբուսը բախվել է բեռնատարի. կա 1 զոհ, 4 վիրավոր • Աֆղանստանում Թուրքիայի ԶՈւ զինծառայող է զոհվել • Քրդական Փեշմերգեի 4-րդ խումբն է մեկնում սիրիական Քոբանի

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում

• Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի լույս 22-ի գիշերը 39 տանկի ուղեկցությամբ Սիրիայի Քոբանի քաղաքի կողմից ներխուժել են այդ երկրի տարածք, զավթել սիրիական Էշմեսի գյուղը և Հալեպից 123 կմ ու Շանլըուրֆայից 92 կմ հեռավորության վրա գտնվող Քարաքոզակ գյուղից այդտեղ տարհանել Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազը: Նախնական տվյալներով, գործողության ընթացքում զոհվել է 1 թուրք զինծառայող:

• Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսադ Մեքդադը, մեկնաբանելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք, փետրվարի 22-ին հայտարարել է, որ Թուրքիան խախտել է միջազգային պայմանագրեր՝ ագրեսիայի ենթարկելով Սիրիայի տարածքը։ Ըստ այդմ՝ Սիրիան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ ձևով պատասխանել այդ ագրեսիային և պաշտպանել իր տարածքները։

• ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 22-ին զրուցել է Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նույն օրը կեսգիշերին Թուրքական զինված ուժերի՝ Սիրիա ներխուժելու և Շահ Սուլեյմանի մասունքները տարհանելու ռազմական գործողության մասին:

Դողուբայազըդ սպանված 3 զինծառայողներից՝ հետևակի պայմանագրային սերժանտ Ուղուր Գյուլմեզը

Դողուբայազըդ սպանված 3 զինծառայողներից՝ հետևակի պայմանագրային սերժանտ Ուղուր Գյուլմեզը

• Փետրվարի 26-ին Թուրքիայի հյուսիսարևելյան Աղրը նահանգի՝ Իրանին սահմանակից Դողուբայազըդ գավառում տեղակայված զորամասերից մեկում Թուրքիայի ԶՈւ զինծառայողը հետևակային հրացանով սպանել է իր երեք համածառայակիցներին։

• Թուրքիայում փետրվարի 24-ին վթարվել են երկրի կենտրոնական Մալաթիա նահանգի 7-րդ գլխավոր ավիաբազայի RF-4E մակնիշի 2 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ, որոնք օդ էին բարձրացվել հետախուզական ուսումնավարժական գիշերային թռիչք կատարելու համար:  Երկու ինքնաթիռի չորս օդաչուները մահացել են:

• Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ալիաղա գավառում 2015-ի փետրվարի 26-ին երկրի զինված ուժերի զինվորական ծառայողական ավտոբուսը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով մահացել է բեռնատարի վարորդը, վիրավորվել՝ 4 զինվորական։

Քաբուլում փետրվարի 26-ին պայթեցված ավտոմեքենան

Քաբուլում փետրվարի 26-ին պայթեցված ավտոմեքենան

• Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 2015-ի փետրվարի 26-ին ահաբեկիչները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել այդ երկրում ՆԱՏՕ-ի քաղաքացիական գլխավոր ներկայացուցիչ, Աֆղանստանում Թուրքիայի նախկին դեսպան Իսմայիլ Արամազի շարասյան մոտ։ Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

• Փետրվարի 26-ին Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորաջոկատների հրամանատարներից գեներալ-լեյտենանտ Մուսլիհ Զեբարին հայտնել է, որ փետրվարի 27-ին Փեշմերգեի 4-րդ հերթափոխը կմեկնի Քոբանի։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *