Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է զոհվել • Թբիլիսիում կայանած ՌԴ համարանիշներով մեքենաները Հայաստան բերվելու համար չէին • Վրաստանի ԶՈւ հերթական զորախումբը պատրաստվում է Աֆղանստան մեկնել։
• Փետրվարի 22-ին Սիրիայում մարտերի ժամանակ զոհվել է վրաստանցի զինյալ Դավիդ Սվիակաուրին, որը նույնպես Վրաստանի հյուսիսարևելյան Ախմետի շրջանից էր (գյուղ Խալացանի) և կռվել է Սիրիայում հայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի հրամանատարության ներքո։
• Փետրվարի 24-ին համացանցում հրապարակվել էին ՌԴ պետհամարանիշներով Թբիլիսիում կանգնած ԶԻԼ մակնիշի 2 բեռնատարի լուսանկարներ, ինչը վրաստանյան մեդիադաշտում ներկայացվեց, թե իբր «Վրաստանը տեղի է տվել Ռուսաստանի ճնշմանն ու բացել դեպի Հայաստան ռազմական բեռների տեղափոխումը»։ Վրաստանի ՆԳՆ-ն անդրադարձել է լուսանկարներին ու հերքել այդ լուրերը:
• Փետրվարի 25-ին Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազային պատկանող ինքնագնաց հրետանային համակարգերից մեկի շարժիչը բռնկվել է զորավարժարան տեղափոխելու ճանապարհին։ Անձնակազմը կարողացել է արագ հեռանալ, որից հետո նաև պայթյուն է եղել։ Ինքնագնաց հրետանային համակարգն այրվել է, վիրավորներ չկան։
• Վրաստանի ԶՈւ հերթական զորախումբը պատրաստվում է Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը: Մինչև Աֆղանստան մեկնելը զինծառայողները վերապատրաստում են անցնում Գերմանիայում: Վրաստանցի զինծառայողների պատրաստության ընթացքին հետևելու է գնացել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն: Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինծառայողների համար ստեղված են Աֆղանստանի իրավիճակին համապատասխան պայմաններ` ուսումնական ընթացքը արդյունավետ օգտագործելու համար:
• Փետրվարի 27-ին Վրաստանի ԶՈւ Ազգային պաշտպանական ակադեմիայի բակալավրի դպրոցում զինվորական երդում են տվել 119 երիտասարդ, որոնք բակալավրի 4 տարին ավարտելուց հետո հնարավորություն ունեն պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և 6 տարով ծառայության անցնել լեյտենանտի կոչումով ու բակալավրի իրենց մասնագիտացման դիպլոմով:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info