Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանել թուրքական ագրեսիային. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսադ Մեքդադը, մեկնաբանելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք, կատարած ռազմական գործողությունները և սիրիական գյուղի զավթումը, 2015-ի փետրվարի 22-ին հայտարարել է, որ Թուրքիան խախտել է միջազգային պայմանագրեր՝ ագրեսիայի ենթարկելով Սիրիայի տարածքը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Սուլեյման Շահի մասունքների տեղափոխությունները

Սուլեյման Շահի մասունքների տեղափոխությունները

Նա նշել է, որ Անկարան կոպտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը։ Թուրքական իշխանությունները հենվում են մի պայմանագրի վրա, որն իրականում իրենց Սիրիայի տարածք ներխուժելու իրավունք չի տալիս և ստորագրվել է այն ժամանակ, երբ Ֆրանսիան գրավել էր Սիրիան։ Գործողություն իրականացնելու մեկ օր առաջ Թուրքիան տեղեկացրել է Սիրիային, սակայն չի սպասել պատասխանին՝ վերջինիս չհաշվելով իբրև ինքնիշխան պետություն։ Ըստ այդմ՝ Սիրիան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ ձևով պատասխանել այդ ագրեսիային և պաշտպանել իր տարածքները։

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ Սիրիայի փոխարտգործնախարարը Թուրքիային մեղադրել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնելու համար։ Նա հավելել է, որ Թուրքիան այդ քայլին գնաց, քանի որ վստահ էր, որ ԻՊ-ն ոչ մի հակաքայլ չի ձեռնարկի՝ ելնելով երկկողմ բարեկամական հարաբերություններից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի լույս 22-ի գիշերը 39 տանկի ուղեկցությամբ Սիրիայի Քոբանի քաղաքի կողմից ներխուժել էին այդ երկրի տարածք, զավթել սիրիական Էշմե գյուղը, որը Թուրքիայի սահմանից մոտ 100 մետր է հեռու, և սիրիական Քարաքոզաք գյուղից այդտեղ տարհանել Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը:

Նշենք, որ նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Թուրքիան խախտել է 1921-ին Ֆրանսիայի հետ կնքած Անկարայի պայմանագրի 9-րդ հոդվածը, որով սահմանվում էր Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանի կարգավիճակը։ Հայտարարությունում նշվում էր, որ ԻՊ-ն զավթել և քանդել է Սիրիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիներն ու մզկիթները, սակայն դամբարանի վրա երբեք չի հարձակվել, ինչը խոսում է Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների մասին։

One response to “Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանել թուրքական ագրեսիային. Սիրիայի ԱԳՆ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *