Քրդական Փեշմերգեի 4-րդ խումբն է մեկնում սիրիական Քոբանի

Փետրվարի 26-ին Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորաջոկատի հրամանատարներից գեներալ-լեյտենանտ Մուսլիհ Զեբարին հայտնել է, որ փետրվարի 27-ին Փեշմերգեի 4-րդ հերթափոխը կմեկնի Քոբանի։ Այս մասին հայտնում է քրդական Rudaw լրատվակայքը։

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

Նա նշել է, որ փետրվարի 28-ին Փեշմերգեի 4-րդ խումբն Էրբիլից ինքնաթիռով կմեկնի Թուրքիայի Ուրֆայի օդանավակայան, որտեղից էլ կանցնի Սիրիայի Քոբանի քաղաք՝ փոխարինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող քրդական ինքնապաշտպանական ուժերին օգնող Փեշմերգեի 3-րդ զորաջոկատին։

Փեշմերգեի գեներալը հավելել է, որ փետրվարի 28-ին Փեշմերգեի՝ 150 հոգանոց 3-րդ խումբը, որը հունվարի 16-ից գտնվում է Քոբանիում, կվերադառնա Իրաքյան Քրդստան։

Հիշեցնենք, որ 150 հոգանոց առաջին խումբը Թուրքիայի տարածքով Քոբանի է ուղարկվել 2014-ի հոկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 6-ին առաջին խմբին փոխարինել էր 106 հոգանոց երկրորդ խումբը: Զինվորների հերթափոխը պայմանավորված է զինվորների հոգնածությամբ:

Ավելացնենք, որ քրդաբնակ Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքը դեռևս 2014-ի սեպտեմբերից թեժ մարտերի մեջ է: Քաղաքը թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում է ու հյուսիսում սահմանակից է հենց Թուրքիային: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի հյուսիսային հատվածի համար, ինչի պատճառով էլ «Իսլամական պետությունը» մեծ ուժեր էր կենտրոնացրել քաղաքի գրավման համար:

Իսլամիստների հետ քաղաքում կռվում են հիմնականում տեղի քրդերը: Թուրքիայի իշխանությունները, չնայած ամերիկյան կողմի բազմաթիվ կոչերին, տևական ժամանակ հրաժարվում էին միջանցք բացել քրդական Փեշմերգե զորաջոկատների համար, որոնց նպատակը քաղաքի քրդերին օգնության հասնելն էր:

Այս դիրքորոշումը փոխվեց միայն 2014-ի հոկտեմբերի 20-ին. Թուրքիան տրամադրեց այդ միջանցքը՝ պայնամով, որ դրանով փոխադրվի միայն կենդանի ուժ՝ առանց զենքի։

One response to “Քրդական Փեշմերգեի 4-րդ խումբն է մեկնում սիրիական Քոբանի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *