Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա՝ տարհանելու Շահ Սուլեյմանի մասունքները

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի լույս 22-ի գիշերը 39 տանկի ուղեկցությամբ Սիրիայի Քոբանի քաղաքի կողմից ներխուժել են այդ երկրի տարածք, զավթել սիրիական Էշմեսի գյուղը և Հալեպից 123 կմ ու Շանլըուրֆայից 92 կմ հեռավորության վրա գտնվող Քարաքոզակ գյուղից այդտեղ տարհանել Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազը: Նախնական տվյալներով, գործողության ընթացքում զոհվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում 22.02.2015թ

Դամբարանի տարհանման վերաբերյալ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է.

Սիրիայում առաջացած անվտանգության խնդիրներից և ռազմական անհրաժեշտությունից ելնելով, Թուրքիայի անկլավը համարվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում պատվո պահակախմբի հսկողության տակ գտնվող մեր նախահոր մասունքները և պահակախումբը տեղափոխվել են Սիրիայի տարածքում գտնվող Էշմեսի գյուղ՝ մեր իրավունքները միջազգային պայմանագրերով  պաշտպանելու համար։ Սիրիայի Էշմեսի գյուղը մեր զորամիավորումների կողմից վերցվել է հսկողության տակ և այդ տարածքում բարձրացվել է մեր դրոշը։ «Շահ Ֆըրաթ» գործողության ժամանակ բախումներ չեն եղել, մեր զորամիավորման տեղաշարժի սկզբնական փուլում դժբախտ պատահարից զովել է մեկ զինծառայող` ավագ ենթասպա Հալիդ Ավջըն:

Հիշեցնենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը նշել էր, թե Թուրքիայի տարածքից դուրս այդ երկրին պատկանող միակ հողատարածքը հսկող զինծառայողները միայնակ չեն և «նրանց թիկունքում Թուրքիայի 76 մլն քաղաքացիներն են»։ «Ձեզնից գեթ մեկ լուր ստանալուն պես, Թուրքիայի զինված ուժերը վայրկենապես ձեր կողքին են լինելու՝ ապահովելու ձեր անվտանգությունը»,-իր ուղերձում շեշտել էր գլխավոր շտաբի պետ Օզելը։

Նշենք, որ Սուլեյման Շահի դամբարանը պահպանում էր Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների (բոսորագույն բերետավորներ) 40 զինծառայողներից կազմված պատվո պահակախումբը։

Տեղին է հիշել նաև, որ 2014-ի մարտի 27-ին համացանցում տարածվել էր Թուրքիայի արտգործնախարարի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության գաղտնի ձայնագրությունը, որտեղ քննարկվում էին թուրք-սիրիական սահմանին սադրանքի կազմակերպումն ու դրանից ծայր առած իրադարձությունները հիմք ընդունելով՝ Սիրիայի տարածք ռազմական ներխուժումը։ Որպես հնարավոր տարբերակ այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առաջարկում էր կազմակերպել հարձակում Սիրիայում Շահ Սուլեյմանի դամբարանի վրա, ինչը, ըստ նրա կարող էր բավարար առիթ դառնալ Սիրիայի տարածք զորք մտցնելու համար։

Տեղեկացնենք նաև, որ Սուլեյման Շահը համարվում է Օսման Առաջինի պապը, որից էլ սերել է օսմանյան դինաստիան։ Նա ապրել է 1178-1227 թվականներին, մահից հետո թաղվել է Եփրատից ոչ հեռու գտնվող Ջաբեր ամրոցի մոտակայքում (Հալեպի շրջան)։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ Այն 1921-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով հայտարարվել է Թուրքիայի անկլավը Սիրիայի տարածքում։ 1973-ին, սակայն, Էլ-Ասադ ջրամբարի կառուցման պատճառով դամբարանը տեղափոխվել է սիրիական Կարակոզակ գյուղի մոտ, որը ևս ճանաչվել է թուրքական պետության անկլավ։ Այն Թուրքիայի սահմաններից շուրջ 37 կմ հեռավորության վրա է։

5 responses to “Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա՝ տարհանելու Շահ Սուլեյմանի մասունքները

  1. Սուլեյման Շահի դամբարանի մասունքների տեղափոխումը ապահով վայր ,ցույց է տալիս,որ թուրքերը այդ տարածաշրջանում ծրագրավորված գործողություններ կարող են իրականացնել և ցանկացել են նախօրոք ապահովել Շահի մասունքների պահպանությունը:

  2. Pingback: ԱՄՆ-ը և Թուրքիան համագործակցում են Սիրիայում ընթացող գործողություններում | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն մոտ օրերս կարող է ներխուժել Սիրիա. ԺՀԿ քարտուղար | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիայի զինված ուժերը քննարկում են Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *