Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ»

Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված բոլոր ցամաքային ստորաբաժանումների ղեկավարները կանչվել են Անկարա, որպեսզի զինված ուժերի ղեկավարության հետ քննարկեն Սիրիա ներխուժելու հնարավորությունները և ծրագրերը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է թուրքական «Հյուրիեյթ» պարբերականը:

Թուրքական հատուկ նշանակության գումարտակը Թունջելիից զրահամքենաներով տեղափոխվում է Սիրիայի հետ սահմանային շրջանններ

Թուրքական հատուկ նշանակության գումարտակը Թունջելիից զրահամքենաներով տեղափոխվում է Սիրիայի հետ սահմանային շրջանններ

Սահմանին տեղակայված ստորաբաժանումների հրամանատարները քննարկումների համար Անկարա են կանչվել այն բանից հետ, երբ անցած շաբաթ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և ԶՈւ 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութն այցելել են թուրք-սիրիական սահմանագիծ և տեղում ծանոթացել իրավիճակին:

Քննարկումներին ներգրավված են լինելու կոմանդոսների հատուկ նշանակության ուժերի հրամանատարները, զրահատանկային և մոտոհրաձգային, ինչպես նաև հրթիռահրետանային ստորաբաժանումների ղեկավարները։

Ըստ պարբերականի տեղեկության՝ ցամաքային զորատեսակների հրամանատարները մասնավորապես քննարկելու են շուրջ 400 միավոր զրահատեխնիկայով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ականապատված տարածքներով անցնելու և Սիրիա ներխուժելու հնարավոր մեխանիզմները։

Հավելենք, որ հուլիսի 6-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցած տեղեկությունում նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է քննարկում անցկացնելու մասին լուրերը։ Սակայն այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ անգամ անցկացնելու դեպքում Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը կփորձեր գաղտնի պահել այդ լուրը։

Մինչ այս՝ հուլիսի 4-ին, նույն պարբերականի հրապարակումներից մեկում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ-ն արդեն իսկ հրթիռային տեխնիկա է տեղակայել Սիրիայի հետ սահմանին՝ մասնավորապես Քիլիսի շրջանում, սակայն տեխնիկայի տեսակների մասին տեղեկություններ չէր հաղորդել։

Անկարայում քննարկումներին մասնակցելու են նաև Սուլեյման շահի դամբարանի տարհանման գործողությանը ներգրավված հատուկ նշանակության ստորաբաժանումների (կոմանդոսներ) հրամանատարները։

Նշվում է, որ արդեն իսկ սահմանին տեղակայվել է Թյունջելիում տեղակայված կոմանդոսների գումարտակը, որն այդտեղից դուրս էր եկել հուլիսի 3-ին։ Ընդհանուր առմամբ Սիրիայի հետ սահմանին Թուրքիայ ԶՈւ ցամաքային զորքերի թիվը հասցվել է շուրջ 54 հազարի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ հուլիսի 3-ի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և զրահամեքենաների՝ Սիրիայի հետ սահմանին վերջին օրերին մեծ թվով կուտակումները ուղղված են Թուրքիայի սահմանների անվտանգության պահպանությանը և մոտ ապագայում Սիրիա ներխուժում չի ծրագրվում։

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Հավելենք նաև, որ հունիսի 30-ին «Անադոլու» լրատվական գործակալության տարածած հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան է ուղարկել 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որոնց քանակի մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։ Նույն զրահատանկային բրիգադը զրահատեխնիկա է կուտակում նաև Սիրիայի սահմանին գտնվող Քարքամըշ գավառում։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։

Իսկ մինչ այդ Քիլիսի դիմաց գտնվող սիրիական Հալեպ նահանգի Ազեզ ավանում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։

2 responses to “Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ»

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության զորքերի հրամանատարը այցելել է թուրք-սիրիական սահման | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *