Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը • Ռուսաստանն ու Հարավային Օսիան հստակեցրել են իրենց սահմանը • ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ • Վրաստանի ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել • Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» հրամանատարը կոչ է անում լրատվամիջոցներին չնշել իրենց տեղը
• Փետրվարի 16-ին Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ: Այդ օրը դպրոցը նշել է իր կազմավորման 9-րդ ամյակը։ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն շնորհավորել են այնտեղ վերապատրաստում անցնող զինծառայողներին։
• Փետրվարի 18-ին ՌԴ և Հվ. Օսիայի արտգործնախարարները ստորագրել են ՌԴ և Հվ. Օսիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիր, որից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համապատասխան քայլերի, եթե ՆԱՏՕ-ն քայլեր ձեռնարկի Վրաստանին կազմակերպության մեջ «ներքաշելու» գործում։ Փետրվարի 19-ին արձագանքելով Լավրովի հայտարարությանը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտնել է, որ Վրաստանում նախատեսվում է կառուցել ուսումնական կենտրոն և ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմաբազա։ Ջանելիձեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
• Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում է նշանակվել Իոսեբ Գոգաշվիլին: Այս մասին փետրվարի 20-ին հայտնել են վրաստանյան լրատվամիջոցները, թեև պաշտոնական հաղորդագրություն ՆԳՆ-ի կայքում չկա: Գոգաշվիլին նախկինում զբաղեցնում էր ՆԳՆ գլխավոր տեսուչի պաշտոնը: ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը թափուր էր հունվարի 26-ից, երբ Վախթանգ Գոմելաուրին նշանակվեց ՆԳ նախարար:
• Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին Ֆեյսբուքի իր էջում խնդրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց հրապարակումներում ոչ մի կերպ չնշել այնտեղ կռվող վրացի զինծառայողի տվյալները, այդ թվում` մականունը, գտնվելու վայրը, քանի որ ռուսական կողմը յուրաքանչյուր վրացու համար գումարային փոխատուցում է խոստացել:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info