Այսօր՝ փետրվարի 16-ին, Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ։ Վկայական ստացողների թվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, այսօր լեռնային պատրաստության դպրոցը նշում է իր կազմավորման 9-րդ ամյակը։ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն շնորհավորել են այնտեղ վերապատրաստում անցնող զինծառայողներին։
Տեղեկացնենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թվականին հրապարակվել է Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։
Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։
Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info