Թուրքիայի ԶՈւ-ն մոտ օրերս կարող է ներխուժել Սիրիա. ԺՀԿ քարտուղար

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ԺՀԿ կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա մի քանի օրը պատրաստվում է զինվորական գործողություն սկսել Սիրիայի տարածքում։ Այս մասին մայիսի 7-ին հայտնում է թուրքական «Թարաֆ» պարբերականի կայքը։

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում՝ «Սուլեյման շահ» գործողության ժամանակ

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում՝ «Սուլեյման շահ» գործողության ժամանակ

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը նշել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութողլու պատրաստվում են առաջիկա օրերին զորք մտցնել Սիրիայի տարածք։ Նա ավելացրել է, որ այդ լուրը ստացել է «շատ վստահելի» աղբյուրից, և եթե լուրն իրականությանը չի համապատասխանում, ապա թող Թուրքիայի վարչապետը հերքի իր ասածները։

«Թարաֆ» պարբերականին տված հարցազրույցում Գյուրսել Թեքինը նաև հայտնել է, որ Թուրքիայի և հատկապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը գնալով ընկնում է։ Եվ Թուրքիայի ղեկավարությունը, բոլոր այս խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, ժամանակ առ ժամանակ սադրանքներ է ձեռնարկում։ Գյուրսել Թեքինն իր խոսքում մասնավորապես նշում է.

«Աղբյուրս շատ վստահելի և հուսալի է։ նույն աղբյուրս առավել վաղ հայտնել էր, որ Սուլեյման Շահի դամբարանի պատվո պահակախումբը գրեթե շրջափակման մեջ է հայտնվել և հանձնվել է «Իսլամական պետության» գթասրտությանը։ Այժմ այդ նույն աղբյուրս հայտնում է, որ Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Ես հուսով եմ, որ այդ լուրն իրականություն չի դառնա, սակայն ցանկանում եմ, որպեսզի արտգործնախարարը կամ վարչապետ Դավութօղլուն որևէ հայտարարությամբ հերքեն լուրը։ Բայց պետք է նաև նշեմ, որ «Սուլեյման Շահի» գործողության մասին մեր կողմից առավել վաղ տարածված նյութը ևս հերքվում էր, բայց ի վերջո բոլորս այդ «դիմակահանդեսի» ականատեսը եղանք»։

Նշենք, որ մինչ այժմ Գյուրսելի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, միայն Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Թաներ Յըլդըզը վերջինիս խորհուրդ է տվել նախ բացահայտել աղբյուրները, ապա մեկ անգամ ևս ճշտել դրանց իսկությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները 2015-ի փետրվարի լույս 22-ի գիշերը 39 տանկի ուղեկցությամբ Սիրիայի Քոբանի քաղաքի կողմից ներխուժել էին այդ երկրի տարածք, զավթել սիրիական Էշմեսի գյուղը և Հալեպից 123 կմ ու Շանլըուրֆայից 92 կմ հեռավորության վրա գտնվող Քարաքոզակ գյուղից այդտեղ տարհանել Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *