Եմենի ապստամբ շիադավան հութի ցեղերն ընդունել են նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ հնգօրյա զինադադարի վերաբերյալ առաջարկը, որի նպատակը տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ստանալու հնարավորություն տալն է: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատավական գործակալությունը:
Սաուդյան Արաբիան այս առաջարկն արել էր նախորդ շաբաթ՝ շեշտելով մարդասիրական օգնության խիստ անհարժեշտությունը: Արաբները միաժամանակ նշել էին, որ այս որոշման իրագործումը մեծապես կախված է հութիներից, և համաձայնության դեպքում այն ուժի մեջ կմտնի մայիսի 12-ին:
Հութիների մամուլի խոսնակ, գնդապետ Շարաֆ Լուքմանը ներկայումս հութիների վերահսկողությամբ գործող եմենական Saba լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք համաձայնել են առաջարկվող զինադադարին, քանի որ այն հնարավորություն կտա դուրս գալ շրջափակումից ու ստանալ բարեկամ պետությունների՝ նավերով Եմեն ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:
Հատկանշական է նաև, որ զարգացող իրադարձությունների առիթով ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը էմբարգո սահմանց ապստամբներին, մասնավորապես՝ «ալ Հուսի» շարժման ղեկավար Աբուլ Մալիք ալ-Հուսիին և Եմենի նախկին նախագահին ու վերջինիս որդուն զենք մատակարարելու վրա:
Նշենք, որ նմանօրինակ զարգացումները բերեցին նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարմանը, քանի որ ենթադրվում է՝ վերջինս ոչ պաշտոնապես օգնում է հութիներին: Փոխադարձ մեղադրանքները թեև ռազմական առճակատման չեն հասցրել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ապրիլի 28-ին առնվազն 7 ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի երթուղուն՝ չթողնելով, որ Իրանի՝ մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռ վայրեջք կատարի:
Pingback: Հնգօրյա զինադադարից հետո Եմենի մայրաքաղաքը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել | Ռազմ.info
Pingback: Եմենում կհաստատվի մեկշաբաթյա հրադադար | Ռազմ.info
Pingback: Կեսգիշերին Եմենում հրադադար կհաստատվի | Ռազմ.info