2014-ի մարտի 30-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ երկրում հասունացել է հերթական խոշոր սկանդալը, որն անմիջականորեն կապված է Սիրիայի հետ։ Մարտի 27-ին համացանցում տարածվել է Թուրքիայի արտգործնախարարի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության գաղտնի ձայնագրությունը, որտեղ քննարկվում են թուրք-սիրիական սահմանին սադրանքի կազմակերպումն ու դրանից ծայր առած իրադարձությունները հիմք ընդունելով՝ Սիրիայի տարածք ռազմական ներխուժումը։
Մարտի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական կործանիչի խոցման կապակցությամբ հրավիրված խորհրդակցությանը մասնակցում են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, նրա տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվում են Սիրիայի տարածք ռազմական ներխուժման պատրվակ ստեղծելու ուղիները։ Որպես հնարավոր տարբերակ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առաջարկում է կազմակերպել հարձակում Սիրիայում Շահ Սուլեյմանի դամբարանի վրա, որի տարածքը համարվում է թուրքական և այն միակն է, որը երկրի սահմաններից դուրս է։ Ըստ նրա՝ դամբարանի պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությունը կարող է բավարար առիթ դառնալ Սիրիայի տարածք զորք մտցնելու համար։ Հարձակումը կարող է ներկայացվել որպես «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորման ձեռքի գործ և այդ պարագայում միջազգային հանրությունը սատար կկանգնի Թուրքիայի գործողություններին, քանի որ վերոնշյալ կազմակերպության անունը կապվում է «ալ Կաիդայի» հետ։ Արտգործնախարար Դավութօղլուն նշում է, որ այդ տարբերակը քննարկել է նաև վարչապետ Թայիփ Էրդողանի հետ, ով տվել է դրան իր համաձայնությունը որպես հնարավոր սցենարի։
Սադրանքի կազմակերպման և Սիրիայի տարածք ռազմական ներխուժման մեկ այլ սցենար էլ առաջարկում է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նա նշում է, որ կարող է 4 հոգի ուղարկել Սիրիա, ովքեր 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի վրա ու այդպիսով վերջինս կունենա ռազմական ներխուժման պատրվակ: Ֆիդանն այդ տարբերակը համատեղելի է համարում Սուլթան Սուլեյմանի դամբարանի վրա հարձակման կազմակերպման հետ։
Խորհրդակցության գրեթե բոլոր մասնակիցներն ափսոսանք են հայտնում այն կապացությամբ, որ 2012-ին, երբ սիրիական բանակը չափազանց խոցելի էր, չընդունվեց համապատասխան որոշում այդ երկիր զորք մտցնելու կապակցությամբ։ Արտգործնախարար Դավութօղլուն դա բնութագրում է որպես «խիզախության բացակայություն»։
Ուշագրավ է նաև այն, որ զրույցի մասնակիցներն անդրադառնում են Սիրիայի տարածքում կռվող զինյալներին ցուցաբերված ռազմական օգնությանը։ Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Գյուլերն իր խոսքում նշում է, որ անհրաժեշտ է զինամթերքով ապահովել զինյալներին։ Հաքան Ֆիդանն էլ հավելելով Գյուլերին հայտնում է, որ այս ընթացքում իրենք զինյալներին մատակարարել են մեծաքանակ սպառազինություն։ Թե ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը, չի հստակեցվում։ Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալը հայտնում է նաև, որ Սիրիայի տարածքում իրենք պահում են 1000 հոգի, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել իրականացվող գործողություններին, եթե լինի նման որոշում։
Խորհրդակցության մասնակիցները միակարծիք են այն հարցում, որ ինչ էլ որ կազմակերպվի, դա պետք է արվի համոզիչ և ցնցող, որպեսզի չլինեն խնդիրներ միջազգային ատյաններում։
Նշենք, որ այս ձայնագրության արտահոսքի վերաբերյալ արդեն իսկ մեկնաբանություններ են արել մի շարք պաշտոնյաներ։ Վարչապետ Էրդողանը որակել է դա որպես ստոր քայլ՝ արված իր քաղաքական մրցակիցների կողմից, իսկ արտաքին գործերի նախարարը՝ քննադատելով նման մեծ կարևորություն ուենցող տեղեկատվության հրապարակումը, նշել է, որ խորհրդակցության մի շարք դրվագներ այդուամենայնիվ կեղծված են։
Անկարայի դատախազությունն էլ գաղտնի տեղեկության տարածման վերաբերյալ հետաքննություն է սկսել։
Եզրափակելով խորհրդակցության ընթացքում արված առանցքային այս հայտարարություններն ու քննարկումները՝ արձանագրենք, որ թուրքական զինված ուժերի՝ Սիրիա ներխուժման վտանգն առկա է, թեկուզև տեղային գործողությունների իրականացման արտահայտմամբ։ Ու թեպետ այս ձայնագրության ի հայտ գալով սադրանքի կազմակերպման վերոնշյալ տարբերակների կիրառումը դրվեց հարցականի տակ՝ այդուամենայնիվ պետք է արձանագրել, որ Թուրքիան լրջագույնս մտադիր է հարմար առիթի դեպքում ներխուժել Սիրիա, ու դա իրականացնելու համար արդեն տարիներ ձգվող սիրիական ճգնաժամը կարող է նոր առիթներ ու պատրվակներ մատուցել։
Pingback: Թուրքիան շարունակում է տանկային ուժեր պահել Սիրիայի հետ սահմանին. որո՞նք են շարժառիթները | Ռազմ.info
Pingback: Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա՝ տարհանելու Շահ Սուլեյմանի մասունքները | Ռազմ.info