Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 2015-ի փետրվարի 26-ին ահաբեկիչները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել այդ երկրում ՆԱՏՕ-ի քաղաքացիական գլխավոր ներկայացուցիչ, Աֆղանստանում Թուրքիայի նախկին դեսպան Իսմայիլ Արամազի շարասյան մոտ։
Ահաբեկչիների մեքենայի պայթյունի պատճառով պայթել է նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը: Զոհվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող, որը պաշտպանում էր Արամազին, ևս մեկ զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ զոհված ու վիրավոր զինծառայողները Թուրքիայի ԶՈւ ենթասպաներ են:
Reuters լրատվական գործակալության առավել վաղ հաղորդած տեղեկության համաձայն՝ Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը մեքենան պայթեցրել էր իրանական, թուրքական և գերմանական դեսպանատների մոտակայքում, ինչի հետևանքով Թուրքիայի ԶՈւ կորուստներից բացի, վիրավորվել է նաև Մեծ Բրիտանիայի ԶՈւ մեկ զինծառայող։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական շարժումը՝ հայտարարելով, սակայն, որ իրենց թիրախը եղել է ԱՄՆ ԶՈւ զինված շարասյունը, ոչ թե «թուրքական պատվիրակությունը»։
Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին իջեցվել էր Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին, իսկ հունվարի 1-ին մեկնարկել է «Վճռական աջակցություն» նոր առաքելությունը, որի շրջանակներուն Թուրքիայի խորհրդարանի հունվարի 5-ի որոշմամբ Աֆղանստանում ծառայում է թուրքական զինված ուժերի շուրջ 900 հոգանոց անձնակազմ՝ հսկելով Քաբուլի միջազգային օդանավակայանը: