Փետրվարի 26-ին Թուրքիայի հյուսիսարևելյան Աղրը նահանգի՝ Իրանին սահմանակից Դողուբայազըդ գավառում տեղակայված զորամասերից մեկում Թուրքիայի ԶՈւ զինծառայողը հետևակային հրացանով սպանել է իր երեք համածառայակիցներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Աղրըի նահանգապետարանի տարածած հայտարարությանը։
Աղրըի նահանգապետարանի հայտարարությունում նշվում է, որ դեպքը եղել է փետրվարի 26-ին՝ ժամը 23։00 հատվածում, Դողուբայազըդ գավառի Գյոքայի սահմանային գումարտակում։ Հայտարարվում է, որ զինծառայողը եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում ու իր հետ պահակային ծառայություն իրականացնող համածառայակիցներին սպանել է սեփական զենքով:
Սպանված զինծառայողներն են՝ հետևակի պայմանագրային սերժանտ Ուղուր Գյուլմեզը, սերժանտ Մուհամեդ Ջանը և շարքային Աքըն Բուլուշը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ծառայողական քննություն։ Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։