Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, «Հաբերթուրք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Նա նաև հայտնել է, որ արդեն սկսել են որոշ ստորաբաժանումների տեղափոխման աշխատանքները և հավելել է, որ մինչև սեպտեմբերի կես նախատեսում են տեղափոխել բոլոր այն ստորաբաժանումները, որոնց նկատմամբ այդպիսի որոշում է կայացվել:
Զորամասերի տեղափոխվելուց հետո այդ տարածքները հանձնվելու են ժողովրդի շահագործմանը և կարող են վերածվել այգիների, կամ հասարակական այլ վայրերի:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ ռազմօդային ուժերի ենթակայության տակ գտնվող Աքընջը ավիաբազայի փոխարեն, որը համարվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հիմնական կենտրոններից մեկը, հնարավոր է, որ այգի ստեղծվի: Նշենք, որ հուլիսի 29-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայի Կազան գավառ այցելության ժամանակ հայտարարել է, որ փակվելու է Թուրքիայի Աքընջը ավիաբազան և այն բոլոր զորանոցները, որտեղից դուրս են եկել տանկերն ու ուղղաթիռները հեղաշրջման փորձի ժամանակ:
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի շենքը ևս Անկարայից դուրս տեղակայվի, Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ այժմ քննարկվում է երկրի պաշտպանության նախարարությունը նոր շենք տեղափոխելու հարցը, բայց մոտ ապագայում հնարավոր է տեղափոխվի նաև գլխավոր շտաբը:
Նշենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբը տեղափոխվելու է Անկարայից:
Ըշըքը հայտնել է, նաև որ մինչև այժմ փախուստի մեջ է գտնվում 162 զինծառայող և զինված ուժերից էլ հեռացվել է 3,185 մարդ, որից 151-ը գեներալ և ծովակալ: Սակայն ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի՝ այս պահին դեռևս փախուստի մեջ են գտնվում 190 զինվորական, այդ թվում՝ 9 գեներալ, 96 ոստիկան, որոնիցի 47-ը՝ ոստիկանության տարբեր բաժանմունքների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ, այդ թվում նաև Աքընջըի 4-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Հաքան Էվրիմը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում սկսել են քաղաքներից զորամասերի դուրսբերումը | Ռազմ.info
Pingback: Թուրքիան շարունակում է ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել քաղաքներից | Ռազմ.info