16899 ձերբակալված, 76100 աշխատանքից հեռացված` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ: Այս մասին երեկ՝ օգոստոսի 10-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էֆքան Ալան հայտնել է, որ այս պահին դեռևս փախուստի մեջ են գտնվում 190 զինվորական, այդ թվում՝ 9 գեներալ, 96 ոստիկան, որոնիցի 47-ը՝ ոստիկանության տարբեր բաժանմունքների ղեկավարներ:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն ավելացրել է, որ ոստիկանությունն արդեն 10 հազար հատուկջոկատայինի համար ընդունելություն է հայտարարել: Օրենսդրական մակարդակում որոշակի փոփոխություններ իրականացնելուց հետո ոստիկանությունը մրցույթ կհայտարարի ևս 10 հազար հատուկջոկատային ոստիկանի համար՝ նրանց ընդհանուր թիվը հասցնելով 20 հազարի:

Ամենայն հավանականությամբ, այս գործողություններն ուղղված են երկրի ներսում զինուժի ազդեցության և հնարավոր գործողությունների սահմանափակմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 9 գեներալ և ծովակալ, ինչպես նաև 311 այլ զինծառայող կարողացել են փախուստի դիմել և թաքնվել:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում: