Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: Հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 28-ին «Թուրքիայի պաշտոնաթերթում» (Resmi Gazete): Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին,  այս մասին հայտնել էր նաև ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Այս որոշումն ընդունվել է այդ երկրում հուլիսի 20-ից հայտարարված արտակարգ դրության շրջանակներում նախատեսվող փոփոխությունների և ձեռնարկվող միջոցների մասին հրամանագրի համաձայն:

Նշենք, որ նախկինում այդ ժանդարմերիան և առափնյա անվտանգության ուժերը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ենթակայության տակ էին:

Բացի վերը նշված փոփոխություններից, հրամանագրում առկա են տվյալներ զինված ուժերից հեռացված մարդկանց մասին:

Համաձայն հրամանագրի՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերից հեռացվել է 87 գեներալ, 726 սպա, 256 ենթասպա, ռազմօդային ուժերից՝ 30 գեներալ, 314 սպա, 117 ենթասպա, ռազմածովային ուժերից 32 ծովակալ, 59 սպա, 63 ենթասպա: (Ամբողջական ցուցակը՝ ձերբակալվածների անուններով, կարող եք տեսնել այստեղ):

Դրանց թվում են Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքին Օզթյուրքը, ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմը, առափնյա անվտանգության հրամանատար, փոխծովակալ Հաքան Ուսթեմը:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Համաձայն հրամանագրի՝ Թուրքիայում փակվել է 3 լրատվական գործակալություն, այդ թվում նաև գյուլենական «Ջիհան» գործակալությունը, 16 հեռուսատալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ, 15 ամսագիր, 29 հրատարակչություն:

Հուլիսի 27-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը A Haber հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ մինչև այժմ ռազմական հեղարշրջման փորձի արդյունքում ձերբակալվել է 15 846 մարդ, որոնցից 10 012 հոգի զինծառայողներ են, այդ թվում նաև ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերից:

Ձերբակալված զինծառայողներից 178 գեներալ է, 2728 սպա, 7106 էլ այլ կոչումներ ունեցողները: Նրանցից 2901-ը ոստիկան է, 2167-ը դատավոր և դատախազ: Ձերբակալվածներից կալանավորվել է 8113 հոգի, որից 5266-ը՝ զինծառայող:

Նշենք, որ հուլիսի 27-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի վարչությունից հայտնել էին, որ հեղաշրջման փորձին մասնակցել է զինված ուժերի 8651 զինծառայող, որոնցից 1676-ը շարքային կազմից, իսկ 1214-ը՝ ռազմական հաստատությունների կուրսանտներ, մնացած մոտ 5800 հոգին՝ սպաներ ու գեներալներ:

Այսօր՝ հուլիսի 28-ին, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ԱԳՆ 88 աշխատակից, այդ թվում նաև երկու դեսպան, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: