Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել․ ՊՆ-ն լռում է։ • Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել զինծառայողների թաղումների կազմակերպման վերաբերյալ։ • Ադրբեջանում կկառուցվեն ինքնաթիռների հավաքման և ուղղաթիռների արդիականացման կենտրոններ։ • Վրաստանի բանակում սննդի և հագուստի հետ կապված խնդիրներ կան։ • ԻՊ-ն սպառնացել է Իրանի կառավարությանը։ • Իրանը ստացել է Ս-300ՊՄՈւ2 ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը։ • Ստամբուլի և Անկարայի զինվորական ստորաբաժանումները հեռացվում են քաղաքներից։ • Կալանավորվել է Թուրքիայի՝ Հռոմի դեսպանության ռազմական կցորդը։ • Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կա 16899 ձերբակալված, 76100 աշխատանքից հեռացված։ • Նոր նշանակումներ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերում։ • Թուրքիայի իշխանությունները հայտնել են հուլիսի 15-ին 246 սպանվածի մասին։ • Աֆղանստանում թալիբները և ԻՊ-ն հաշտություն են կնքել ընդդեմ ամերիկաաֆղանական ուժերի։ • Զինյալները փորձել են ճեղքել Հալեպի շրջափակումը։ Զինյալները Հալեպի հարավ-արևելքում ստեղծել են 7 հազար հոգանոց բանակ: •
• Լիբանանը ԱՄՆ-ից 50 միլիոն դոլար է ստացել ահաբեկիչների դեմ պայքարում։ • Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն մտադիր են սպառազինության 1,15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրել։ • Իսրայելը ստեղծել է նոր հրետանային բրիգադ։ ՌԴ անվտանգության դաշնային ուժերը չեզոքացրել են ԻՊ-ին աջակցող ինտերնետ-համայնք։ • ՌԴ նախագահը դումայի հաստատմանն է փոխանցել Սիրիայում ավիախումբ տեղակայելու օրինագիծ։ • Ռուսաստանը կընդլայնի և կարդիականացնի «Հմեյմիմ» ավիաբազան։ • ՌԴ-ն և Թուրքիան կարող են Սիրիայում կապի միջանցք բացել զինծառայողների համար։ • Ռուսաստանը հարվածել է Սիրիայում ԻՊ օբյեկտներին։ • Ղրիմում Ուկրաինայի ՊՆ-ն դիվերսիաներ է կազմակերպել․ կա 2 զոհ • Ղրիմում ուկրաինական զինյալների և ՌԴ ուժերի բախումներում վիրավորվել է 10 զինծառայող։ • Ռուսաստանը և Հնդկաստանը ուղղաթիռների արդիականացման պայմանագիր են կնքել։ • Ուկրաինայի ԶՈւ-ն Ղրիմի և Դոնբասի սահմանին մարտական պատրաստության է բերվում։ • ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացնելու Կասպից ծովում։ • «Ծովային գավաթ-2016» մրցույթում հաղթել է Ռուսաստանի հավաքականը։ • Ղազախստանում կառուցվում է առաջին ռազմական նավահանգիստը։
Ադրբեջան/Վրաստան
• Օգոստոսի 12-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել:
• Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով «զինվորական մեծարանքով» հուղարկավորությունների ֆինանսավորումը և անցկացումը ՊՆ-ից անցնում է զորակոչի և զորահավաքի պետական ծառայությանը:
• Օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ադրբեջանում կգործեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն: Գործարանը և վերանորոգման կենտրոնը բացվելու են Բաքվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության արդյունքում:
• Օգոստոսի 8-ին, Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանի բանակում սննդի և համազգեստի հետ կապված խնդիրներ կան:
Իրան
• Օգոստոսի 10-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որում Իրանում ոչնչացված և վիրավորված 120 ահաբեկչին անվանել է «Սունի երիտասարդություն» և սպառնացել է Իրանի կառավարությանը վրեժով:
• Ռուսաստանը Իրանին փոխանցել է պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ2 ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը
Թուրքիա
• Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս: Արդեն սկսել են որոշ ստորաբաժանումների տեղափոխման աշխատանքները։
• Օգոստոսի 11-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի՝ Հռոմի դեսպանության ռազմական կցորդ, շտաբային գնդապետ Մեհմեթ Դեմիրաղի (Mehmet Demirağ) նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը անդամագրվելու և կազմակերպության անունից գործունեություն իրականացնելու մեջ:
• Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ:
• Թուրքիայի պաշտպանության նախարարի հրամանագրով 15 գեներալ և 2 ծովակալ նոր պաշտոններում են նշանակվել ԶՈւ ցամաքային զորքերում, ռազմածովային և ռազմաօդային ուժերում:
• Թուրքիայում հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս հայտարարվել է իշխանության կողմնակից 246 սպանվածի մասին, այդ թվում մայրաքաղաք Անկարայում՝ 146 սպանվածի մասին։ Սպանված խռովարարների տվյալները հուլիսի 16-ից հետո թուրքական իշխանությունները փորձում են թաքցնել։
Մերձավոր Արևելք
• Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական շարժումը և «Իսլամական պետությունը» մի քանի ամիս է ինչ ոչ ֆորմալ հաշտություն են կնքել և միասին դիմակայում են ԱՄՆ-ի աջակցությամբ գործող աֆղանանական զինծառայողների դեմ:
• Օգոստոսի 7-ին, սիրիական 15 զինյալ խմբավորումների միավորումը ճեղքել է կառավարական ուժերի կողմից Հալեպի արևելյան մասի շրջափակումը և վերահսկողություն հաստատել Ռամուսահ շրջանում՝ հայտարարելով «Հալեպն ամբողջությամբ գրավելու գործողության մեկնարկի մասին»:
• «Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ մի շարք խմբավորումներ վերջին շաբաթներին Հալեպում ակտիվորեն պայքարում են կառավարական ուժերի դեմ՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը և զինամթերք հասցնել քաղաք: Նրանք Հալեպի հարավ-արևելքում ստեղծել են բավականին լավ սպառազինված 7 հազար հոգանոց բանակ:
• Օգոստոսի 8-ին BBC հեռուստառադիոընկերությունը հրապարակել է Սիրիայում Մեծ Բրիտանաիայի հատուկջոկատայինների ներկայությունը առաջին անգամ փաստող լուսանկարներ, սակայն երկրի պաշտպանության նախարարությունում լուսանկարները տեսնելուց հետո ասել են, որ չեն մեկնաբանի հատուկ նշանակության գործողությունները:
• Օգոստոսի 9-ին Լիբանանը ծայրահեղականության դեմ պայքարելու և իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԱՄՆ-ից ստացել է շուրջ 50 մլն դոլար արժողությամբ ռազմական օժանդակություն, այդ թվում՝ 50 միավոր զրահապատ Humvee ամենագնաց, 40 հաուբից և շուրջ հազար տոննա ռազմամթերք:
• Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն մտադիր են սպառազինության մատակարարման շուրջ 1,15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրել, որի հիմնական մասով Միացյալ Նահանգերը Սաուդյան Արաբիային պատրաստվում են վաճառել շուրջ 153 միավոր M1A2 Abrams տանկ:
• Իսրայելը ստեղծել է նոր հրետանային բրիգադ, որը համալրված է կարճ տարածությունների վրա հակառակորդի թիրախները «ցամաք-ցամաք» տիպի կառավարվող հրթիռներով խոցելու ունակ կայանքերով: Բրիգադի ստեղծումը Իսրայելի հրետանային ստորաբաժանումների նոր մարտավարական հայեցակարգի կիրառման առաջին քայլն է:
Ռուսաստան/այլ
• ՌԴ անվտանգության դաշնային ուժերը, համագործակցելով ՆԳՆ հետ, հայտաբերել և չեզոքացրել են «Իսլամական պետության ուղեցույց» (Rohnamo ba sui davlati Islomi) միջազգային ինտերնետ-համայնքը, որը քարոզել է ԻՊ-ի գաղափարները և խմբավորման համար գումար հավաքել:
• Ռուսաստանը մտադրված է ընդլայնել Սիրիայում Հմեյմիմ բազայի ենթակառուցվածը, բազայում ծանր ավիացիայի զետեղման համար հնարավորություններ ստեղծել, ինչպես նաև կառուցել զինավան անձնակազմի համար:
• Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայում ներկայացրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
• Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերից խուսափելու նպատակով ՌԴ ՊՆ-ն քննարկում է Թուրքիայի զինուժի և Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի միջև առանձին կապի ուղիներ ստեղծելու, անվտանգության որոշակի մեխանիզմների մշակման առաջարկությունների փաթեթի ներկայացման հնարավորությունը:
• Օգոստոսի 8-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել են Սիրիայում՝ Պալմիրայի արևելյան և հյուսիս-արևմտյան շրջաններում՝ Ալ-Սուխնա և Արակ բնակատեղիների հարևանությամբ տեղակայված ԻՊ օբյեկտներին և վերադարձել մշտական տեղակայման ավիաբազա՝ Ռուսաստան:
• Օգոստոսի 7-ի գիշերը ԱԴԾ երկու խմբի ներթափանցման փորձ են կատարել աշխատակիցները Ղրիմում կանխել են Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության կազմակերպած դիվերսիան․ զոհվել է մեկ ԱԴԾ աշխատակից:
• Օգոստոսի 8-ին Ուկրաինայի ՊՆ հատուկջոկատայինները զրահատեխնիկայի կրակային աջակցությամբ դիվերսիոն-հետախուզական երկու խմբի ներթափանցման փորձ են կատարել Ռուսաստան․ սպանվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, վիրավորվել 10-ը:
• Հուլիսի 29-ին Հնդկաստանի ՌԾՈւ-ն և ռուսաստանյան«Ռոսոբորոնէքսպորտ»-ը Հնդկաստանի՝ ռուսաստանյան արտադրության 10 միավոր К-28 հականավային ուղղաթիռներ արդիականացնելու շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել:
• Oգոստոսի 11-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցություն է անցկացրել երկրի ԱԳՆ և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հրահանգելով Դոնբասի և Ղրիմի ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստության աստիճանի:
• Օգոստոսի 15–20-ը Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի նավերը հրթիռահրետանային ուժերի ներգրավմամբ կրակային զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովի հարավարևմտյան շրջանում:
• Օգոստոսի 3-5-ին «Ծովային գավաթ-2016» մրցույթի առաջին 2 փուլերի արդյունքներով Ռուսաստանի հավաքականը շրջանցել է Ադրբեջանի և Ղազախստանի հավաքականներին, իսկ մրցույթի ավարտին գրավել է առաջին հորիզոնականը։
• Ղազախստանում ավարտին են մոտենում երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համար առաջին ռազմական նավահանգստի կառուցման աշխատանքները: Կասպից ծովի ափին՝ Ակտաու քաղաքի առևտրային նավահանգստի տարածքում տեղակայված նավահանգիստը նախատեսվում է շահագործման հանձնել 2016-ի հոկտեմբերին:
Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։