Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո

2015-ի դեկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 11 դեպքի և 6 վիրավորի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա հայկական զինված ուժերում 3 կորստի մասին էր հայտնի։

տարբերանշան

Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբեր ամսվա 11 կորուստներից 9-ը մարտական են, իսկ 2-ը՝ ոչ մարտական։ Մարտականները գրանցվել են Պաշտպանության բանակում։

ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է  1995 թվականին ծնված  ՊԲ զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դեկտեմբերի 8-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված ավագ լեյտենանտ  Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը։

Դեկտեմբերի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը վիրավորվել է նռնականետից կրակելիս: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:

Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել  են դիվերսիոն փորձ։  Մերձամարտերի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ 1996 թվականին ծնված Աղասի Արսենի Գրիգորյանը և 1996 թվականին ծնված Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը։

Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:  Պաշտպանական մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, ազգությամբ եզդի, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը:

Դեկտեմբերի 25-ին հակառակորդի գնդակից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում՝ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում Վազ-2108 ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով մահացել է վարորդը` 1992 թ. ծնված Տարոն Կարապետյանը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայել է որպես հետախույզ։

Դեկտեմբերի 21-ին Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել: Ավտովթարի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Դեկտեմբեր ամսվա ընթացքում հայկական բանակում  6 վիրավորի մասին է հայտարարվել։ 

Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել էին դիվերսիոն փորձը։ Թշնամու դիվերսիոն խմբի դեմ մարտերում հրազենային վիրավորումներ է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել 4 զինծառայող, որոնց վիճակը ծանր է:

Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը դարձյալ ձեռնարկել էր դիվերսիոն գործողություններ: Պաշտպանական մարտի ժամանակ, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շախնազարյանի  ֆեյսբուքյան էջի հայտարարության, հակառակորդի հետ մարտերում հայկական կողմն ունեցել է 2 թեթև վիրավոր:

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար — 12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար — 6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ — 4 զոհ և 10 վիրավոր
Մայիս — 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս — 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս — 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս — 4 զոհ և 3 վիրավոր
Սեպտեմբեր — 14 զոհ և 21 վիրավոր
Հոկտեմբեր — 2 զոհ և 4 վիրավոր
Նոյեմբեր — 7 զոհ
Դեկտեմբեր — 11 զոհ և 6 վիրավոր

Տարվա սկզբից հայտնի է դարձել 76 կորստի մասին ( այդ թվում՝ Ռազմինֆոյին ավելի ուշ հայտնի է դարձել ևս 2 ոչ մարտական կորստի մասին, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է` Սարգիս Մամյան, Գալուստ Վալերիի Վերդոյան), որից 42-ը՝ մարտական և 34-ը՝ ոչ մարտական կորուստ։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *