Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել են հերթական դիվերսիոն փորձը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի կորուստներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի։ Հայ դիրքապահները, հակառակորդին կորուստներ պատճառելով, հետ են շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, մերձամարտերի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նաև հաղորդում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Լրացում. Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանը վիրավորվել է նռնականետից կրակելիս: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Լրացում. Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թշնամու դիվերսիոն խմբի դեմ մարտերում հրազենային վիրավորումներ է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել նաև 4 զինծառայող, որոնց վիճակը ծանր է:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ-ն վստահեցրել է նաև, որ հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:
Pingback: Մարտերում վիրավորվել են հայկական զինված ուժերի զինծառայողներ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info