Քրդական PKK-ն «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» է ստեղծել

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) կազմալուծել է Թուրքիայի արևելքում ուժայինների դեմ պայքարող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժումը»  (YDG-H)` հիմնելով նոր «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» (YPS – Yekineyen Parastina Sivil) անվամբ նոր կառույց, որի մեջ մտել են YDG-H-ն, PKK-ի «Ինքնապաշտպանության ուժերը», ինչպես նաև գյուղական վայրերում, լեռներում տեղակայված քրդական ուժերը: Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Նշվում է, որ գյուղական վայրերում, լեռներում տեղակայված քուրդ զինյալներն իջնելու են քաղաքներ, խոշոր բնակավայրեր` տեղի քուրդ բնակիչներին թուրքական ուժայիններից պաշտպանելու համար: Նոր կազմակերպության հիմնական նպատակը Թուրքիայում քրդական PKK-ի ուժերը կենտրոնացնելն է:

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերին Թուրքիայի արևելքում վերսկսվեցին թուրք-քրդական բախումները, որոնցում ներգրավված են Թուրքիայի ԶՈւ առնվազն 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում:

Թուրք-քրդական բախումների լուսաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ մանրամասն ներկայացրել ենք թուրքական և քրդական աղբյուրների անդրադարձերը:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է` Դիարբեքիր մայրաքաղաքով:

Կազմակերպության հիմքում ընկած են մարքսիստական, սոցիալիստական և քուրդ ազգայնականության գաղափարախոսությունները: PKK-ի ռազմական թևը «Ժողովրդի պաշտպանական ուժեր»-ն են (Hêzên Parastina Gel — HPG, անգլ.` People’s Defence Forces). PKK-ի, ինչպես նաև վերջինիս ռազմական թևի ինտերնետային կայքերն արգելափակված են թուրքական դատարանի որոշմամբ: Հավելենք, որ երբեմն PKK-ն վերջինիս ռազմական թևի անվամբ կոչում են նաև HPG. կազմակերպության կանանց թևը YJA STAR-ն է (քրդերեն` Yekîneyên Jinên Azad ên Star, անգլ.` Free Women’s Units).

Կազմակերպությունը 1978 թվականին Դիարբեքիրում հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը (Ափո)` իբրև ձախ սոցիալիստական կուսակցություն: 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո այն արգելվել է, իսկ ղեկավարները փախել են Սիրիա: 1998-ի Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը Թուրքիայի ճնշմամբ Օջալանին զրկվում է աջակցությունից, և վերջինս ստիպված լինում այլ տեղ քաղաքական ապաստան որոնել: Նույն թվականին ՌԴ պետդուման դիմում է նախագահ Բորիս Ելցինին` Օջալանին քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկով, սակայն այն չի հաստատվում:

PKK զինյալներ

PKK-ի զինյալներ

1999-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը իսրայելական հատուկ նշանակության ուժերի օգնությամբ Քենիայում ձերբակալում են Օջալանին և դատապարտում մահապատժի, ինչը եվրոպական երկրների ճնշման ներքո փոխարինվում է ցմահ ազատարկմամբ: Ափոն մինչ օրս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Թուրքական կառավարությունը մեծ ճնշում է գործադրում նրա վրա և օգտագործում PKK-ի պայքարը դադարեցնելու համար:

Թերևս կարելի է նշել, որ ոչ այնքան եվրոպական երկրների ճնշման ներքո, որքան որ հենց այս նկատառումով է մահապատիժը փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Հավելենք, որ Օջալանը վերջին տարիներին PKK-ին բազմիցս կոչ է արել վայր դնել զենքերը` ըստ երևույթին այդ քայլին գնալով թուրքական կառավարության ճնշումներիր պատճառով, սակայն իրականում նա այլևս չի կարողանում ազդել կառույցի որոշումների վրա, որոնք կայացվում են Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ղեկավարության կողմից:

3 responses to “Քրդական PKK-ն «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» է ստեղծել

  1. Pingback: Քրդական նոր կառույցը կհամակարգի Թուրքիայի քրդական զինված խմբերի գործունեությունը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 29 – փետրվարի 1 | Ռազմ.info

  3. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. 1– 2 փետրվար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *