Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 10-16

1 մարտական, 1 ոչ մարտական կորուստ: Զինծառայողը պայթել է ականի վրա: Թուրքական խաղաքարտի կիրառումն ադրբեջանական քարոզչության մեջ: Սիրիայում ադրբեջանցի է սպանվել: Սերբիայի պաշտպանության նախարարի այցը: ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություններ:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Ֆաթալիզադե Ռուֆաթ Նազըն օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից» օգոստոսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում:

Հայտնի է դարձել նաև, որ առաջնագծի Գետաբեկի ուղղության հատվածում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաղիև Օրխան Գալիբ օղլուն՝ ծնված 1993-ին: Նա զորակոչվել էր Մինգեչաուրի շրջանից: Նրան տեղափոխել են հոսպիտալ, զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Օգոստոսի 13-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի Ափշերոնյան շրջանի Նովխանի ավանում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջադ Բաբազադեն։

Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ղուրբան Ալիևը պայթել է ականի վրա հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում:

-Վերջին շրջանում, երբ առաջնագծում իրադրությունը լարված էր, ադրբեջանական լրատվադաշտը փորձում էր էլ ավելի սրել լարվածությունը տարբեր բովանդակության հրապարակումներով, որոնց զգալի մասը նպատակ ուներ խուճապային տրամադրություններ ստեղծել հայկական լսարանում։

Համանման հրապարակումների շարքին են պատկանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացման և Թուրքիայի՝ Արցախյան հակամարտության շրջանակներում Ադրբեջանին սատարելուն միտված դիրքորոշումն արծարծող հոդվածները, որոնք կամ իրականության հետ քիչ աղերսներ ունեն, կամ ուռճացված են ներկայացված։

-Սիրիայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի և հիմնականում իսլամիստական խմբավորումների միջև: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ նման մարտերի ընթացքում սպանվել է Ադրբեջանի կենտրոնական Զերդաբի շրջանից մեկնած, 1982-ին ծնված Ռամին Աղասաֆ օղլու Աբդուլաևը:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր՝ օգոստոսի 13-ին, սկսել են զորավարժություններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ստորագրած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում։ Օգոստոսի 14-ին , Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՕՊ ստորաբաժանումները կիրառել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի մասնաշենքի մոտ օգոստոսի 13-ին Արցախյան պատերազմի 39-ամյա վետերան, Տերտերում (Թարթառում) կռված Էլչին Ադիմուրադովն ու իր տիկինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, ինքնահրկիզում են կատարել՝ ի նշան Սումգայիթում իրենց տան ապամոնտաժման դեմ բողոքի։

Օգոստոսի 11-ին մեկնարկել էր Սերբիայի պաշտպանության նախարարԲրատիսլավ Գաշիչի պաշտոնական այցն Ադրբեջան, որի ընթացքում վերջինս հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։  Սերբիայի ՊՆ պաշտոնական կայքում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել այդ հանդիպման արդյունքների մասին:

-Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 10-ին այցելել է Անկարայում Աթաթուրքի անվան բժշկական կլինիկա, որտեղ բուժում են անցնում 2014-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրազենային վնասվածք ստացած զինծառայողներ Էլվին Ասքերովը և Սարխան Թաիրզադեն։

-Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին ժամանելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովի գլխավորած պատվիրակությունն այցելել է առաջնագծին մոտ տեղակայված զորամասեր։

Ադրբեջանի զինված ուժերում ներկայումս պայմանագրային կին զինծառայողների թիվը հասնում է 1 000-ի, որոնց զգալի մասը զբաղեցնում է շարքային, սերժանտական և ենթասպայական կազմի հաստիքներ։ 

Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբարովը 2014-ի օգոստոսի 15-ին ստորագրել է հրամանագիր, որով երկրի հանրակրթական բոլոր դպրոցները պետք է ոստիկանությանը հանձնեն բոլոր այն զենքն ու զինամթերքը, որն օգտագործվում էր նախնական զինվորական պատրաստության առարկայի համար:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *