Սիրիայում Ադրբեջանից մեկնած զինյալ է սպանվել

Սիրիայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի և հիմնականում իսլամիստական խմբավորումների միջև: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ նման մարտերի ընթացքում սպանվել է Ադրբեջանի կենտրոնական Զերդաբի շրջանից մեկնած, 1982-ին ծնված Ռամին Աղասաֆ օղլու Աբդուլաևը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Աբդուլաևի մահվան մասին իրենց հայտնել են վերջինիս հարազատները: Ըստ աղբյուրի՝ սպանվածն անդամակցում էր «Իրաքի ու Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը, որը մարտնչում է նախագահ Բաշար Ասադի դեմ: Աբդուլաևը, համաձայն ԱՊԱ-ի, տևական ժամանակ ապրել է Ռուսաստանում, ապա վերադարձել Զերդաբ՝ այստեղից էլ ուղևորվելով Սիրիա: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

One response to “Սիրիայում Ադրբեջանից մեկնած զինյալ է սպանվել

  1. Pingback: Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *