Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է առաջնագիծ

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովի գլխավորած պատվիրակությունն այցելել է առաջնագծին մոտ տեղակայված զորամասեր։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ այցի նպատակը ստորաբաժանումների մարտական պատրաստվածության աստիճանի, զորամասերի նյութատեխնիկական ապահովման, ռազմական տեխնիկայի վիճակի, սոցիալական վիճակի, զինծառայողների կարգապահության աստիճանի ստուգումն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։

Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է  20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադօղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։

Բացի այդ, օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին  ծնված ՎիկտորՇուբերտիԱբրաամովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *