Օգոստոսի 11-ին մեկնարկել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի պաշտոնական այցն Ադրբեջան, որի ընթացքում վերջինս հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ակնկալվում է նաև, որ Սերբիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիա և ուսումնական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ սույն պաշտոնական այցը տևելու է մինչև օգոստոսի 13-ը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության արդեն նախկին նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով 2014-ի փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնել էր Սերբիա: Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ու Նեբոյշի Ռոդիչը հանդիպում են ունեցել՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։
Համաձայն Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Սերբիայի պաշտպանության նախկին նախարարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։ Հասանովն էլ իր հերթին բնորոշել է Սերբիային որպես «բարեկամական դաշնակից»։ Հանդիպման ավարտին կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում առավել սերտ փոխգործակցություն։
Նշենք նաև, որ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել էր Ադրբեջանում Սերբիայի դեսպան ԶորանՎայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։
Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։
Pingback: Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի իր պաշտոնակցին | Ռազմ.info
Pingback: Սերբիայի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան՝ սերբական կողմի լուսաբանմամբ | Ռազմ.info