Օգոստոսի 11-ին մեկնարկել էր Սերբիայի պաշտպանության նախարարԲրատիսլավ Գաշիչի պաշտոնական այցն Ադրբեջան, որի ընթացքում վերջինս հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։
Երեկվա դրությամբ Սերբիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը որևէ տեղեկություն չէր հրապարակել Ադրբեջանում Գաշիչի հանդիպումների վերաբերյալ։ Այսօր արդեն Սերբիայի ՊՆ պաշտոնական կայքում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել։ Այսպես, Սերբիայի ՊՆ կայքի համաձայն՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպելիս Գաշիչը շնորհակալություն է հայտնել վերջինիս, որ Ադրբեջանն առաջիններից մեկն արձագանքեց 2014-ի մայիսին Սերբիայի ջրհեղեղի լուրին՝ որպես օգնություն հատկացնելով շուրջ 400 հազար եվրո գումար։
Բացի այդ, համաձայն աղբյուրի՝ Գաշիչն ու Հասանովը չեն բացառել ռազմատեխնիկական բնագավառում համատեղ արտադրության հիմնումը և տեխնոլոգիաներով ու փորձով փոխանակումը։ Գաշիչը շեշտել է՝ Սերբիան իր գոհունակությունն է հայտնում Platinum Wolf 2014 զորավարժություններին Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցության և Viking 14 համակարգչային, հրամանատարաշտաբային վարժանքներին Ադրբեջանի ԶՈւ 5 անդամների մասնակցելու առնչությամբ։ Սերբիայի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ 2015-ին սպասվելիք վարժանքներին Ադրբեջանը ևս կմասնակցի։ Գաշիչը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների՝ Սերբիայի զինված ուժերի ռազմական ակադեմիայում ու ռազմաբժշկական ակադեմիայում ուսանելը հնարավորություն կտա կողմերին ավելի ամրապնդել կապերը։
Նկատենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Զաքիր Հասանովը Գաշիչի հետ սույն հանդիպման ընթացքում անդրադարձել էր Արցախյան հակամարտությանը՝ նշելով, թե Սերբիային ու Ադրբեջանին «մոտեցնում են անջատողականների հետ ունեցած խնդիրները»։ Եվ իբր Գաշիչը հայտարարել է, թե Սերբիան «կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը»։ Սակայն Սերբիայի ՊՆ կայքում խոսք անգամ չկա այն մասին, որ Գաշիչն աջակցում է Ադրբեջանին Արցախյան հակամարտության շրջանակներում։
Հավելենք, որ այսօր՝ օգոստոսի 13-ին, Գաշիչը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։