Ադրբեջանի զինված ուժերում ներկայումս պայմանագրային կին զինծառայողների թիվը հասնում է 1 000-ի, որոնց զգալի մասը զբաղեցնում է շարքային, սերժանտական և ենթասպայական կազմի հաստիքներ։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգահլըն։
Վերջինս նշել է՝ զինված ուժերի շարքերում քիչ չեն նաև կին զինծառայողները, ովքեր զբաղեցնում են սպայական ավագ կազմի հաստիքներ՝ ունենալով մայորի, փոխգնդապետի և գնդապետի կոչումներ։
Կին զինծառայողները ներգրավված են ինչպես ադմինիստրատիվ ոլորտում (միջազգային համագործակցության բաժին, կադրային աշխատանք և այլն), այնպես էլ մատակարարման և օպերատիվ ստորաբաժանումներում, որոնց թվում են կապի զորքերը, հետախուզական ստորաբաժանումները և թիկունքային ապահովման ծառայությունները։
Հավելենք, որ զինապարտության մասին օրենքի համաձայն, Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող և առողջական խնդիրներ չունեցող 19-ից 40 տարեկան կանայք կարող են համալրել զինված ուժերի շարքերը պայմանագրային հիմունքներով։