Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 20-26

Ավտովթարի հետևանքով 1 զոհ, 3 վիրավոր: Առաջին տեղեկությունն Իրաքում սպանված ադրբեջանցու մասին: Ադրբեջանի պարեկային նավը՝ Դաղստանում: Իլհամ Ալիևը՝ սահմանապահ ծառայության նավաշինարանի բացմանը: Ադրբեջանը գնում է մեխանիզացված կամուրջներ: Վետերանի ինքնահրկիզման մեկ դեպք ու մեկ փորձ:

Ադրբեջանի՝ S-301 կողային համարով Shaldag Mk V կատերը

Ադրբեջանի՝ S-301 կողային համարով Shaldag Mk V կատերը

Ադրբեջանի Տերտերի (Թարթառի)շրջանի Հուսեյնլի գյուղի տարածքում ավտովթար է գրանցվել, որի հետևանքով մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպաներից մեկը։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ադրբեջանի ԶՈւ 3 սպա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, որը տեղակայված է Արցախի հյուսիսարևմտյան սահմանով անցնող Մռավյան լեռնաշղթայի՝ ադրբեջանական կողմի հատվածում, զինված ուժերի զինծառայող Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն ինքն իրեն կրակել է ինքնաձիգից։

Շիրվան քաղաքի՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող «Տելեմեխանիկա» գործարանի գլխավոր ինժեներ, 1963-ին ծնված Հեյդարաղա Միրզոևը հուլիսի 19-ին խեղդվել է Կուր գետում։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ ու լուսանկար են շրջանառում Իրաքի տարածքում «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերումմարտնչող ադրբեջանցու՝ Իրաքի տարածքում սպանվելու մասին։

Ադրբեջանական լրատվակայքերը հուլիսի 23-ին տեսագրություն են տարածել, որտեղ, իրենց հավաստմամբ, ադրբեջանցի երեխա է ներկայացված Սիրիայում, նա զենք է բռնել, խոսում է անհավատների դեմ «սրբազան պատերազմի մասին»։

Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Էլխան Իբրահիմովը 2014-ի հունվարից զբաղեցրել է այդ պաշտոնը միայն նրա համար, որ ազգակցական կապեր ունի 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովի հետ։

-Հուլիսի 21-ին Դաղստանի Մախաչկալայի նավահանգստում կայանել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության S 001 կողային համարով պարեկային նավը։ Նավում եղել է նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության առափնյա ծառայության պետի տեղակալ Գաջալի Գաջալիևը։ Նավի ժամանումն առնչվում է հուլիսի 24-ին Կասպից ծովում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության դաղստանյան մասնաճյուղի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունների հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա էր Բաքվի Խազարի շրջանի Թյուրքան ավանում՝ Կասպից ծովի ափին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության բաժանմունքինոր նավաշինական գործարանի բացմանը։ Նախագահին ներկայացված արագընթաց պարեկային կատերներից երկուսը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում հավաքված, իսրայելական արտադրության Shaldag Mk V են։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից պատվիրել է ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» (ռուս.՝ ТММ-6 «Гусеница-2») մեխանիզացված ծանր կամուրջներ, որոնք նախատեսված են ցամաքային (օրինակ՝ ակոսներ, խրամներ) ու ջրային (օրինակ՝ ջրանցքներ, լճակներ) խոչընդոտների հաղթահարման համար։

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում տեղ են գտել Բելառուսի՝ 2002-2012-ին ադրբեջանական կողմին վաճառած սպառազինության մասին որոշ տվյալներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հուլիսի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Ադրբեջանում ներկայացուցիչ հանդիսացող Դենիզ Դուրանին։

Ռազմական կարգավիճակ ունեցող Եվրասիական իրավապաշտպան կազմակերպությունը (ТАКМ), որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Մոնղոլիան ու Ղրղզստանը, կասեցրել է իր գործունեությունը՝ առաջիկայում վերակազմավորվելու ակնկալիքով։

Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա ավանում հուլիսի 20-ին Արցախյան պատերազմի վետերան, 1971-ին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազ օղլուն իր հարազատների աչքի առջև բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։

Հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի ընդունարանի մոտ Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և իր հարազատների աչքի առջև։

2014-ի սեպտեմբերին Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) 6 ընկերություններ, որոնցից մեկի հետ Ադրբեջանը համագործակցում է։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում այսօր՝ հուլիսի 23-ին, մեկնարկել են տեղանքում սպորտային կողմնորոշման մրցումներ։

Հուլիսի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում արդեն տեղադրել են միջքաղաքային տաքսոֆոններ՝ համապատասխան հեռախոսահամարներով։

-Ադրբեջանի զինդատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը ներկայացրել է 2014-ի առաջին կեսի գործունեության հաշվետվությունը, որի համաձայն նշված ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերում աճել է այն հանցագործությունների թիվը, որոնք կապված են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, սեփականության և առողջությանը մտածված ծանր վնաս հասցնելու հետ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *