Իրաքում Ադրբեջանից մեկնած զինյալ է սպանվել

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ ու լուսանկար են շրջանառում Իրաքի տարածքում «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերումմարտնչող ադրբեջանցու՝ Իրաքի տարածքում սպանվելու մասին։

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալը

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, համացանցում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» էջերը լուսանկար են տարածել, որին կից գրված է՝ Սումգայիթից սերող ադրբեջանցին՝ Էմին անունով, «Աբու Աբդուլլահ» մականունով, սպանվել է սույն խմբավորման կազմում իրաքյան Սեմմար քաղաքում ընթացող մարտերում։ Այլ աղբյուրներ այս տեղեկությունը չեն մեկնաբանել։ Սպանվածի մասին մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Սա, ըստ էության, ադրբեջանական լրատվադաշտի փոխանցած առաջին լուրն է Իրաքում սպանված ադրբեջանցու մասին։ Մինչ այդ՝ 2012-ի կեսերից մինչև 2014-ի հունիսն ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տեղեկություններ էին հրապարակում և լայնորեն քննարկում Սիրիայի տարածքում կռվող իսլամիստական խմբավորումների՝ նույն «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարքերում մարտնչող ադրբեջանցի զինյալների մասին։

Նկատենք, որ ադրբեջանական Haqqin.az կայքի աղբյուրներով՝ Ադրբեջանից Իրաք կռվելու են մեկնել առնվազն 10 քաղաքացիներ : Ոչ պաշտոնական տվյալներով՝ Իրաքում իսլամիստների ակտիվացման հետ մեկտեղ Ադրբեջանում ուժայինները սկսել են մասշտաբային գաղտնի գործողություններ նախապատրաստել սալաֆիականների ու վահաբականների մզկիթների կրոնական համայնքների դեմ:

Հավելենք, որ Իրաքի կենտրոնական իշխանության և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև հունիսի սկզբին ակտիվացած ռազմական գործողությունները շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձեր կատարելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *