Ադրբեջանական մամուլը հայտնում է Սիրիայում ադրբեջանցի մանկահասակ զինյալների մասին

Ադրբեջանական լրատվակայքերը հուլիսի 23-ին տեսագրություն են տարածել, որտեղ, իրենց հավաստմամբ, ադրբեջանցի երեխա է ներկայացված Սիրիայում, նա զենք է բռնել, խոսում է անհավատների դեմ «սրբազան պատերազմի մասին»։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ներկայումս Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալների խմբավորումների կազմում զգալի թիվ են կազմում Ադրբեջանից մեկնած երեխաները։ ԱՊԱ-ն, առանց հիմնավորումների և աղբյուրները հիշատակելու, շեշտում է՝ տեսագրության մեջ ներկայացված պատանին «Մուհամեդ» մականունով ադրբեջանցի զինյալների հրամանատարի որդին է, ավելի վաղ ևս երևացել է մի շարք տեսագրություններում։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական լրատվադաշտը Սիրիայի տարածքում գործող զինյալների վերաբերյալ տեսագրություն է հրապարակում՝ ենթադրաբար ադրբեջանցի դեռահաս տարիքի տղաների մասնակցությամբ։

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

One response to “Ադրբեջանական մամուլը հայտնում է Սիրիայում ադրբեջանցի մանկահասակ զինյալների մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 20-26 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *