Ադրբեջանի Տերտերի (Թարթառի)շրջանի Հուսեյնլի գյուղի տարածքում ավտովթար է գրանցվել, որի հետևանքով մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպաներից մեկը. նրա ինքնությունը դեռևս չեն պարզել: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ադրբեջանի ԶՈւ 3 սպա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդ սպան կորցրել է կառավարումը, ինչի պատճառով էլ ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժած զինծառայողներին տեղափոխել են Տերտերի կենտրոնական հիվանդանոց: Դեպքի մանրամասները կներկայացվեն առաջիկայում:
Թարմացում. Հայտնի են ավտովթարի հետևանքով տուժածների անունները։ Նրանցից բոլորը չեն, որ սպաներ են։ Զոհվածը 1990 թվականին ծնված, լեյտենանտ Ասքերզադե Անար Իլհամ օղլուն է։ Ծանր վնասվածքներով Աղջաբեդի շրջանային զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 1994-ին ծնված կրտսեր սերժանտ Ռաֆիզադե Նուրլան Ռաֆայիլ օղլուն, 1993-ին ծնված շարքային Ահլիմանլը Քյոռօղլու Էլման օղլուն և 1992-ին ծնված Բեյլարով Էմին Նուհայ օղլուն, ում զինվորական կոչումը չի հաղորդվում։
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ունի արդեն 4 կորուստ, 13 վիրավոր: