Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Էլխան Իբրահիմովը 2014-ի հունվարից զբաղեցրել է այդ պաշտոնը միայն նրա համար, որ ազգակցական կապեր ունի 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովի հետ։ Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ մասամբ հերքելով այս տեղեկությունը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, Իբրահիմովը սկսել է ռազմական գործունեությունը 2000-ին լեյտենանտի կոչմամբ։ 2008-ին նրան շնորհվել է մայորի, իսկ 2013-ին՝ փոխգնդապետի կոչում՝ Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերում համապատասխան գործունեության համար։ 2013-ի դեկտեմբերի 6-ից նա ծառայությունը շարունակել է ՊՆ համակարգում։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ՊՆ-ն ուղիղ հերքում չի տալիս այն տեղեկությանը, թե Իբրահիմովը Զաքիր Հասանովի ազգականն է։ Բացի այդ, ավելի վաղ ադրբեջանական բաց աղբյուրներում լուրեր էին շրջանառվել, որ մինչ իր նշանակումը՝ 2014-ի հունվարի 29-ը, Իբրահիմովը պահեստազորի սպա է եղել, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն սույն հաղորդագրության մեջ չի հիշատակում, թե արդյոք Իբրահիմովը պահեստազորից էր, իսկ եթե այո, ապա երբ էր համալրել այն։
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին Իբրահիմովն Ադրբեջանի պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել էր գնդապետ Վիդադի Գուլիևին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը 2012-ի նոյեմբերին իջեցրել էր Վիդադի Գուլիևի կոչումը՝ կապված Ադրբեջանի ռազմաբժշկական ակադեմիայի բժշկական ֆակուլտետի 18 կուրսանտների զորացրման հետ. զորացրման պատճառը պաշտոնական վարկածով տարբեր հիվանդություններն էին, սակայն Աբիևը պնդում էր՝ կաշառակերության դեպք է։ 2012-ի դեկտեմբերին ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրենը հայտարարել էր՝ Գուլիևին հեռացրել են պաշտոնից։ Իսկ ահա Զաքիր Հասանովը, ըստ Ադրբեջանում ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի, 2013-ի նոյեմբերի վերջին կրկին բարձրացրել էր Վիդադի Ալիևի կոչումն ու ժամանակավորապես վերականգնել պաշտոնում՝ առանց հիմնավորումների։