Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա էր Բաքվի Խազարի շրջանի Թյուրքան ավանում՝ Կասպից ծովի ափին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության բաժանմունքի նոր նավաշինական գործարանի բացմանը։ Նախագահին ներկայացված արագընթաց պարեկային կատերներից երկուսը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում հավաքված, իսրայելական արտադրության Shaldag Mk V են։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ռազմական BMPD բլոգը, արարողությանը հետևած հայտարարության մեջ շեշտված էր՝ վերոհիշյալ գործարանում առափնյա անվտանգությունն ապահովող 3-րդ դասի 2 կատեր է հավաքվել, իսկ 2-րդ դասի կատերների ստեղծման աշխատանքները դեռ նոր են մեկնարկել։
Համաձայն աղբյուրի՝ բաց աղբյուրներում տարածված լուսանկարներից երևում է, որ 3-րդ դասի կատերներն իսրայելական Israel Shipyards իսրայելական ընկերության արտադրած Shaldag պարեկային կատերներ են։ Դրանցից մեկը կրում է S-301, մյուսը՝ S-302 կողային համարը։ Առաջինը ընթացային փորձարկումներ է անցնում, երկրորդը հուլիսի 18-ին պատրաստել են ջուրն իջեցնելու համար։
Աղբյուրը վկայում է՝ Ադրբեջանի համար նախատեսված կատերները զինված են Rafael Typhoon կողային, ավտոմատ կառավարմամբ կայանով, որը ենթադրաբար օգտագործում է 23 մմ տրամաչափի ավտոմատ հրանոթ։ Բացի այդ, կատերը կրում է Rafael Mini հեռակառավարմամբ կայան՝ 12.7 մեկ ու 7.62 մմ երկու գնդացիրներով, ինչպես և կառավարվող հրթիռային մեկ համալիր (կարող է լինել Rafael Spike-NLOS հրթիռային համալիր)։ Կատերի ջրատարողությունը 50-56 տոննա է, երկարությունը՝ 24.8 մ, լայնությունը՝ 6 մ, արագությունը՝ 50 հանգույց (25.7 կմ/ժ), ընթացքի հեռավորությունը՝ 700 մղոն, անձնակազմը՝ 15 հոգի։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել էր SHARK PEY-014 պարեկային զրահապատ կատեր՝ ամենայն հավանականությամբ իր պետական պահպանության հատուկ ծառայության համար։
Pingback: Իսրայելն Ադրբեջանին տրամադրելու է պարեկային ու հրթիռային կատերներ | Ռազմ.info