Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 25-31

Թուրքական ԶՈւ 112 մլն դոլար կծախսի Կոբրա զրահամեքենաների համար։ Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռն անդրանիկ թռիչքը կատարեց։ Մահվան ելքով միջադեպեր։ Զանգվածային թունավորման դեպք։ 200-ից ավել զինծառայող է մահացել զենքի հետ կապված միջադեպերից։ Ամերիկյան օդային հրամանատարական կետը՝ ամերիկյան «Ինջիրլիք» ռազմաբազայում։

1. Թուրքական «Օթոքար» (Otokar) ընկերությունը Կոբրա (Cobra) թեթև զրահամեքենաների խոշոր պատվեր է ստացել Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Կոբրա զրահամեքենաների նոր խմբաքանակի համար Թուրքիայի ԶՈւ-ը վճարելու է 227,9 մլն թուրքական լիրա (շուրջ 112 մլն ամերիկյան դոլար), սակայն տրամադրվելիք զրահամեքենաների քանակի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։

2. Թուրքական TAI ընկերություն «Հյուրքուշ» թեթև ուսումնական ինքնաթիռն իր առաջին թռիչքն է կատարել։ Առաջին թուրքական ուսումնական ինքնաթիռը թռիչքն իրականացվել է Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջըլար ռազմաբազայում օգոստոսի 29-ին։ Թռիչքը տևել է 33 րոպե, իսկ ինքնաթիռը բարձրացել է 2900 մ բարձրություն։ 

3. Թուրքիայի Մանիսա նահանգի Քըրքաղաչ շրջանում տեղակայված ժանդարմերիայի ուսումնական զորամասերից մեկում օգոստոսի 24-ին 300-ից ավել շարքային զինծառայող բարձր ջերմությամբ և ստամոքսային խանգարման ախտանիշներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բժիշկները զինծառայողների մոտ սննդային թունավորում են հայտնաբերել։

4. Ներկայիս Թուրքիայի Սղերթ (Սիիրթ) նահանգի Բայքան շրջանի զորամասերի մեկում ժամկետային զինծառայող, 20-ամյա Մաշալլահ Թ-ն է ինքնասպան եղել պահակային ծառայություն կրելիս։ Վերջին 1,5 տարում թուրքական բանակում, ըստ պաշտոնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել 108 զինծառայող։ 

5. Թուրքիայի Անկարա նահանգի Ահիբոզի ժանդարմերիայի հենակետում օգոստոսի 27-ի երեկոյան ի հայտ եկած միջադեպի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Պահակային ծառայություն կրելիս 20-ամյա շարքային Ուղուր Օզդելը ծառայակից, 20-ամյա շարքային Օսման Դենքթաշի հետ վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված զենքով կրակ է բացել Դենքթաշի վրա։ Ծառայակիցների հավաստմամբ՝ Օզդելը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել։

6. Թուրքիայի պաշտպանության նախարար Իմսեթ Յըլմազի տվյալներով՝ 2002-2012 թվականներին թուրքական զինված ուժերում զենքով պատահարների պատճառով 227 զինծառայող է մահացել։ Աշխատանքային գործընթացի ժամանակ ի հայտ եկած պատահարների նույն ժամանակահատվածում 36 զինծառայող է մահացել

 

7. Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում նկատվել է E-4B Nightwatch ինքնաթիռը, որը նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան ռազմական հրամանատարությանը, պաշտպանության նախարարին ու  նրա տեղակալներին տեղափոխելու և նրանց համար որպես հրամանատարական կետ ծառայելու համար։ Թուրքիայում ամերիկյան ՕՀԿ-ի ժամանումը կապված է Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ։

8. Airbus ընկերության՝ իսպանական Սևիլիա քաղաքում գտնվող գործարաններից մեկում Թուրքիայի համար նախատեսված A400M  բեռնատար ինքնաթիռը ներկել են այդ երկրի ռազմաօդային ուժերի համար սահմանված գույներով։ Թուրքիային պատկանող ինքնաթիռի վրա հայտնվել է թուրքական դրոշն ու Կեսարիայի Էրքիլեթ շրջանում գտնվող 221-րդ ռազմակայանի տարբերանշանը՝ թռչող արագիլը։

9. Թուրքիայի ռազմական արդյունաբերական արտադրանքի արտահանումը 2013 թվականին աճ է գրանցել։ 2013 թվականի հունվարից հուլիս ամիսներին Թուրքիան արտասահմանում վաճառել է 781 մլն ամերիկյան դոլարի սեփական արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկայի պահեստամասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

10. Ռուսաստանի Դաշնության կառավարություննը քննարկում է Թուրքիայի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է երկու երկրների տարածքում զինծառայողների թաղման վայրերի և դրանց վիճակի վերաբերյալ տեղեկության փոխանակում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *