Թուրքիայի զինված ուժերում վերջին 1,5 տարիների ընթացքում տարբեր պատճառներով (ոչ մարտական) զորամասերում 166 զինծառայող է մահացել։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ պատասխանելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորների համապատասխան հարցմանը։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 2012 թվականին և 2013 թվականի առաջին կեսին զինված ուժերի զորամասերում ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով 166 զինծառայող է մահացել։ Նրանցից 108-ն ինքնասպանություն է գործել, 40 զենքի հետ կապված միջադեպերի հետևանքով է մահացել, իսկ մնացած 18-ը մահացել են ջրում խեղդվելու, վայր ընկնելու, թունավորվելու, վիճաբանությունների մասնակցելու կամ աշխատելու ժամանակ։
Միևնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է 2002-2012 թվականին զինված ուժերում ինքնասպանության դեպքերի թիվը։ Ըստ այդմ, 10 տարիների ընթացքում թուրքական բանակում ինքնասպանություն է գործել 934 զինծառայող։
Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները հաճախ են մեղադրում թուրքական բանակի ղեկավարությանը զինված ուժերում սպանության դեպքերը որպես ինքնասպանություն ներկայացնելու փորձերի համար։