Թուրքական առաջին A400M-ը կտեղակայվի Կեսարիայում

Airbus ընկերության՝ իսպանական Սևիլիա քաղաքում գտնվող գործարաններից մեկում արդեն սկսել են Թուրքիայի համար նախատեսված A400M բեռնատար ինքնաթիռը ներկել այդ երկրի ռազմաօդային ուժերի համար սահմանված գույներով։
Թուրքիային պատկանող ինքնաթիռի վրա հայտնվել է թուրքական դրոշն ու Կեսարիայի Էրքիլեթ շրջանում գտնվող 221-րդ ռազմակայանի տարբերանշանը՝ թռչող արագիլը։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ թուրքական օդուժի առաջին A400M-ը տեղակայվելու է Կեսարիայում։

A400M. Թուրքիայի ՌՕՈւ

A400M. Թուրքիայի ՌՕՈւ

Թուրքիայում ինքնաթիռին արդեն նաև անուն են տվել։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։
Սպասվում է, որ ինքնաթիռը Թուրքիային կհանձնվի սեպտեմբերի վերջին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի համար նախատեսված ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել էր օգոստոսի 9-ին։ Թուրքիան ընդհանուր առմամբ պետք է ստանա 10 միավոր A400M:
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:
Առաջին ինքնաթիռն այս ամսվա սկզբին ստացել է Ֆրանսիան։
Defense News-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ Մեծ Բրիտանիան առաջինA400M-ը կստանա 2014 թվականին, իսկ Գերմանիան՝ 2015 թվականին։
Airbus ընկերության արտադրած A400M Atlas ուղևորատար-բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *