Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են Քանդահար գավառի Ղազնի քաղաքում տեղակայված լեհ-աֆղանական ռազմաբազայի վրա։
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սիմոնյակի հայտարարությանը, գրում է, որ հարձակումը հաջողվել է չեզոքացնել։ Վիրավորվել է 7 լեհ զինծառայող, որոնցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Ներկայումս վերջինիս իրավիճակը գնահատվում է կայուն։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռազմաբազայի տարածքում պայթյուն է գրանցվել, ապա փոխհրաձգություն է սկսվել։ Բազայի վերևում թռչում էին ՆԱՏՕ ուղղաթիռներ։
Օգոստոսի 28-ին Աֆղանստանում ևս մեկ հարձակում է եղել ՆԱՏՕ-ի ռազմաբազաներից մեկի մոտ։ Մահապարտ ահաբեկիչը Հիլմենդ շրջանի Լաշկարգահ քաղաքում տեղակայված զինծառայողներից քիչ հեռու պայթեցրել է իրեն։ Պայթյունի պատճառով զոհվել են աֆղան խաղաղ բնակիչներ, զինծառայողները չեն տուժել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին «Թալիբանի» զինյալները հարձակվել են Ֆարահ գավառի բեռնատարների կայանի վրա, որտեղից էլ վառելիք էր մատակարարվում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին։ Մեքենաների ուղղությամբ մի քանի հրթիռ է բաց թողնվել։ Մահացել է աֆղան 6 վարորդ, 10 հոգի վիրավորվել է։
Հավելենք, որ Ղազնին լեհ զինծառայողների հիմնական տեղակայումն է։ Ծրագրվում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը կլքեն Աֆղանստանը 2014-ին։