Թուրքական բանակը 112 մլն դոլար կծախսի նոր Կոբրաների համար

Թուրքական «Օթոքար» (Otokar) ընկերությունը Կոբրա (Cobra) թեթև զրահամեքենաների խոշոր պատվեր է ստացել։ Պատվիրատուն Թուրքիայի զինված ուժերն է, որը վերջին շրջանում նախատեսում էր զգալի թվով զրահամեքենաներ գնել բանակի կարիքների համար։
«Օթոքարի»՝ օգոստոսի 29-ի արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընկերությունը հաղթել է Թուրքիայի զինված ուժերի հայտարարած մրցույթում։

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Հայտնի է, որ Կոբրա զրահամեքենաների նոր խմբաքանակի համար Թուրքիայի ԶՈւ-ը վճարելու է 227,9 մլն թուրքական լիրա (շուրջ 112 մլն ամերիկյան դոլար), սակայն տրամադրվելիք զրահամեքենաների քանակի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։ Միևնույն ժամանակ ընկերությունը պարտավորվում է զրահամեքենաները սկսել տրամադրել այս տարվանից մինչ 2015 թվականը։
Կոբրան 4X4 սկզբունքով աշխատող զրահամեքենա է, որն ընդգրկված է Թուրքիայի ԶՈւ-ի շարքերում (ըստ տարբեր աղբյուրների՝ շուրջ 780 միավոր)։ Արտադրում է թուրքական «Օթոքար» ընկերությունը։ Արտադրությունը սկսել է 1997 թվականին։
Կարող է տեղափոխել մինչև 8 զինծառայող։ Առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է անցնել 550 կմ։ Քաշը 4,8 տոննա է։ Զինված է 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներով։ Թուրքական զինված ուժերում այս տիպի զրահամեքնաները տեղակայված են հիմնականում սահմանը հսկող զորամիավորումներում։ Առկա է նաև Ադրբեջանի զինված ուժերում, ինչպես նաև վրացական բանակում և աշխարհի մի քանի երկրների զինուժում։
Հավելենք, որ Թուրքիայի զինված ուժերը վերջերս խզել էր պայմանագիրը BMC ընկերության հետ, որը զգալի ուշացնում էր «Քիրփի» (Kirpi) զրահամեքենաների մատակարարումը բանակին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նոր մրցույթ է հայտարարում՝ զինված ուժերում զրահամեքենաների պահանջարկը բավարարելու համար։
Նշենք նաև, որ «Օթոքար» ընկերությունը մտնում է «Քոչ» հոլդինգի կազմի մեջ։ Մրցույթը շահելու վերաբերյալ տեղեկություններից հետո «Օթոքարի» բաժնետոմսերի արժեքը շեշտակի աճ է գրանցել։

2 responses to “Թուրքական բանակը 112 մլն դոլար կծախսի նոր Կոբրաների համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 25-31 | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Թուրքական Otokar-ը 52 մլն դոլարի զրահամեքենա կմատակարարի Թուրքիայի ԶՈւ-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *