3 զոհ՝ մեկ շաբաթում: Ադրբեջանի զինյալը մահացել է Սիրիայում: ԿԽՄԿ այցը՝ Ադրբեջանի ռազմագերուն: Իլհամ Ալիևի հրամանագրերը: Արցախյան պատերազմի վետերանները՝ բանտարկյալների մոտ:0Սաֆար Աբիևի հանդիպումները:Սլովենիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանում: Ֆուտբոլային խաղի ժամանակ 5 վիրավոր ՆԶ սպա: Ռազմական փորձագետի նամակը՝ Բարաք Օբամային: Ձեռքի նռնակ՝ դպրոցում:
1.Օգոստոսի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ 1993-ին ծնված Թուրալ Գազիևը տնտեսվարական աշխատանքներ անելիս էլեկտրականության հետ անզգույշ աշխատելու պատճառով էլեկտրահարվել է՝ տեղում մահանալով։
Ադրբեջանի ՊՆ հաստատմամբ՝ ԶՈւ լեյտենանտ Մուսաև Իլհամ Ռամիզ օղլուն, որը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ՃՏՊ-ի պատճառով ու մեկ ամսից ավելի է՝ կոմայի մեջ էր, մահացել է։
Ջալիլաբադի շրջանում` Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում, զինծառայողը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 1994-ին ծնված Մամեդով Նոֆել Նոֆել օղլուի ծառայության ավարտին մեկ ամիս էր մնացել:
Օգոստոսի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Քյոհնե գյուղի բնակիչ Խաչմազ Հաջիև Թալեհ Սահիբշահ օղլուն սպանվել է Սիրիայում՝ Ասադի կողմնակիցների դեմ կռվելիս:
Հետևելով «Դոկտրինա» վերլուծական կենտրոնի տվյալներին՝ օգոստոսի 24-ի դրությամբ Ադրբեջանն ունի 66 զոհ, 72 վիրավոր։
2.Օգոստոսի 26-ին, հայտնի է դարձել, որ օգոստոսի 23-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող Ադրբեջանի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին՝ տեղեկություններ փոխանցելով իր ընտանիքից:
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը` տեղեկացնելով, որ Ֆիրուզ Ֆարաջևն իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:
3. Օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հրամանագրեր է ստորագրել՝ Սահմանային պետական ծառայության կադրերի ղեկավարման բաժնի պետ Էլչին Զաուր օղլու Իբրահիմովին շնորհելով գեներալ-մայորի կոչում և շքանշաններով պարգևատրելով զինծառայողների:
4. Օգոստոսի 27-ին Ադրբեջանում՝ Բաքվի N5 կալանավայրում, հյուրընկալվել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններ Հերայ Ասադովը, Աքփեր Միրզազադեն ու Ջամալ Ջանբալիշովը՝ պատմելով Արցախյան պատերազմից: Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կառավարության հրահանգով բանտերից ազատ էին արձակվել մեծ թվով հանցագործներ՝ հայերի դեմ կռվելու նպատակով։
5. Օգոստոսի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ ու լիազոր դեսպան Սալիմ Հալիֆ Մուհամմեդ ալ-Ղալֆիին։
Օգոստոսի 30-ին Սաֆար Աբիևն ընդունել է ԱՄՆ Օքլահոմա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Մայլզ Դիրինգին, որի հետ հանդիպել էր դեռևս օգոստոսի 14-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։ http://razm.info/19165
6. Օգոստոսի 24-ին հայտնի է դարձել, որ Սլովենիայի պաշտպանության նախարար Ռոման Յակիչն օգոստոսի 29-30-ը ժամանելու է Ադրբեջան պաշտոնական այցով։
Օգոստոսի 29-ին Սաֆար Աբիևն ընդունել է Ռոման Յակիչին: Վերջինս Ադրբեջանի պաշտպանության նախարարին 2014-ին հրավիրել է Սլովենիա:
7.Օգոստոսի 25-ին ադրբեջանական «Խազար-Լենքորան»-«Նեֆթչի» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ բախումների պատճառով գրանցվել է ներքին զորքերի 5 վիրավոր, ոստիկանական զորքերից՝ 1 վիրավոր սպա։
8. Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով չընդունել ոչ լեգիտիմ պաշտոնավարող պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:
Օգոստոսի 29-ին Ջաֆարլին մեղադրել է Ադրբեջանի իրավապահ ու դատական մարմիններին՝ 2013-ի ապրիլի 2-ի գիշերը իր վրա կատարված հարձակումը չհետաքննելու համար:
9.Ադրբեջանի Dəmirbank-ը (Դեմիրբանկ) դատական հայց է ներկայացնելու ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հարազատ եղբոր դեմ՝ ավելի քան 5 մլն դոլարի վարկը չվճարելու համար:
10. Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել՝ N234 դպրոցում ՌԳ-42 ձեռքի նռնակ հայտնաբերելու առնչությամբ:
Ռազմաշաբաթը նաև՝
Հայաստանում
Թուրքիայում