Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 11-17

Ադրբեջանի ՊՆ արձագանքն իր ռազմագերու ցանկությանը։ «Դոկտրինան» մեկնաբանում է Պուտինի այցը։ Սաֆար Աբիևը հանդիպել է ԱՄՆ գեներալ-լեյտենանտի, նաև Հարավային Կորեայի ՊՆ տեղակալի հետ։«Դաղստան» հրթիռային նավը լքել է Բաքուն ու մասնակցել զորավարժության։ «Պահեստազորի սպաները» ցույց են անելու։ Ադրբեջանում միգուցե արգելվի զինամթերքի գովազդը։ ԱՊԱ-ի ապատեղեկատվությունը։ ԱԻՆ զորավարժություն։ Փոխգնդապետի ձերբակալությունը։

1. Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն արձագանքել է ՀՀ ՊՆ-ի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Օրուջևը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան։ Խոսնակը ո´չ հավանություն է տվել, ո´չ էլ հերքել է գերիների փոխանակման հնարավորությունը։ Հստակ չէ նաև, թե ինչ նկատի ուներ նա՝ «Ադրբեջանի համապատասխան գերատեսչություն» ասելով։

2.Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ռազմական բնագավառում համաձայնեցրած հարցերի վերաբերյալ «Ազադլըգ» պարբերականին մեկնաբանություն է տվել ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին։ Համաձայն դրանց՝ ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար մեկնելու են ՌԴ ուսանելու, Ադրբեջանը Ռուսաստանից մեծ թվով սպառազինություն է ձեռք բերելու, Կասպյան խնդրի շուրջ ռուսներն ու ադրբեջանցիները համաձայնության են գալիս, ՌԴ-ն ներդրումներ է անելու Ադրբեջանի արդյունաբերության մեջ: Սումերինլին ինքն էլ կասկածներ է հայտնում այս ոչ պաշտոնական տվյալների վերաբերյալ, քանի որ դա կնշանակի հայտնվել բացառապես ՌԴ ազդեցության գոտում:

3. Օգոստոսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Վլադիմիր Պուտինի այցից անմիջապես հետո հանդիպում է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների հետ։

4.Օգոստոսի 10-ին հայտնի է դարձել, որ ՌԴ Կասպյան նավատորմի «Դաղստան» հրթիռային նավի գլխավորությամբ ՌԴ Կասպյան նավատորմի նավերի խումբը կայցելի Ադրբեջան:

Լուրերը հաստատվել են. այցը կայացել է օգոստոսի 12-15-ը: Բաքուն լքելուց հետո՝ օգոստոսի 15-ին, ՌԴ Կասպյան նավատորմի նավերը զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում՝ խաղարկելով ծովային մարտեր:

5.Ադրբեջանի «Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել մի շարք ցույցեր կազմակերպել Բաքվում տարբեր երկրների դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ գրասենյակների մոտ։
Ըստ ՀԿ-ի նախագահ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի՝ ցույցի իմաստն այն է, որ «իրենք չեն ընդունում բանակը կեղեքող պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին, իսկ որոշ պետությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվում են նրա մոտ, հարցեր քննարկում»:

6. Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաեք Սեունգ Իյունին: Հնարավոր է, որ նրանք շուտով համագործակցության հուշագիր ստորագրեն:

7.Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (Ազգային ժողովը) պատրաստվում է քննարկել զենք-զինամթերքի գովազդի արգելման օրինագիծը։ Ընդ որում, օրինագծում նշվում է ռազմական նշանակության բոլոր տեսակի զինամթերքների մասին։

8.Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրում է՝ իբր «օգոստոսի 8-ին Հակոբ Ինջիղուլյանի հետ միասին Աղդամի (Ակնա) շրջանից սահմանը հատել է Արմենակ Հակոբյանը, իսկ Հակոբի՝ գերի ընկնելուց հետո փորձել է վերադառնալ հայկական դիրքեր, բայց պայթել է ականի վրա»։ Ռազմինֆոն այս առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից։ Վերջինս հերքեց այս տեղեկությունը։

9.Օգոստոսի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում ձերբակալվել են պարենային ծառայության պետ փոխգնդապետն ու իր օգնականը՝ զորամասի՝ 111 հազար դոլար արժողությամբ պարենը յուրացնելու համար:

10.Օգոստոսի 13-14-ը Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության ուսումնական կենտրոնում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել, որը կրել է «Թշնամական զորքերի ներխուժման կասեցումն Ադրբեջանի տարածք, ահաբեկչական ու դիվերսիոն խմբավորումների վնասազերծում» անունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *