Այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում ձերբակալվել է պարենային ծառայության պետն ու իր օգնականը:
Պարզվում է՝ ՊՆ զորամասերից մեկի պարենային ծառայության պետի օգնական, կապիտան Մուսաև Ջեյհուն Էլեդդին օղլուն և նույն զորամասի պարենային ծառայության պետ, փոխգնդապետ Փափախով Մուսա Շեհմիր օղլուն, նախօրոք գալով համաձայնության, յուրացրել են մոտ 111 հազար ԱՄՆ դոլար (87186,79 մանաթ) ընդհանուր արժողությամբ պարեն:
Ծառայողական դիրքի չարաշահման արդյունքում վերոնշյալ անձանց կողմից իրականացվել է խոշոր չափերի միջոցների յուրացում՝ 2010-ի փետրվարից մինչև 2011-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ յուրացման փաստը հայտնաբերվել է ԱՀ Ֆինանսների նախարարության ֆինանսների պետական վերահսկման ծառայության կողմից՝ 2009-2011 թվականների ընթացքում պետական բյուջեից զորամասին կատարված հատկացումների ստուգման հետևանքով:
Ընդ որում, 2011-ի սեպտեմբերի 3-ին հանցանքի հետքերը կոծկելու նպատակով մեղադրյալներն այրել են հանցակազմը հաստատող մի շարք փաստաթղթեր:
Այս տարվա հուլիսի 4-ին պարենային ծառայության պետի և վերջինիս օգնականի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ՝ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ և երրորդ կետերով, 313 հոդվածով և 326 հոդվածի առաջին մասով:
Հավելենք, որ համաձայն ադրբեջանական մամուլի՝ մեղադրող կողմը հիմքեր ունի կասկածելու՝ զինվորականները սեփականացրած գումարի մի մասը պահում են բանկերում, ուստի դատարանը թույլտվություն է տվել՝ ստուգելու բոլոր բանկերում մեղադրյալների անունով հաշվի առկայությունը և դրանց հետ կապված բոլոր ֆինանսական շարժերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նմանատիպ այլ դեպքի մասին: Ադրբեջանի ՊՆ՝ Եվլախում տեղակայված զորամասերից մեկի պարենային ծառայության պետ կապիտան Ռաֆիզ Հուսեյնովը և նրա օգնական կապիտան Զաուր Ալիևը յուրացրել են զորամասին պատկանող 79 հազար ԱՄՆ դոլարին (62 հազար մանաթ) համարժեք պարեն: